Մարտ ամիսը վերջին 20 տարիների ընթացքում զգալի տաքացել է: Օդի միջին ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձրացել է: Այս տաքացումը հանգեցնում է նրան, որ Արարատյան դաշտում ծիրանենին միջին ժամկետից շուտ է ծաղկում, բայց, գիտենք, որ այս ամսին Հանրապետություն հաճախ թափանցում են ցուրտ օդային հոսանքներ, որը ցրտահարության պատճառ է դառնում,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ ըստ կանխատեսումների, այսօր գիշերը կպահպանվի բացասական ջերմաստիճանի հավանականությունը:
«Մարտի 23-ից մինչև 25-ը օդային հոսանքներ կգան՝ՙ Մերձավոր Արևելքից և սպասվում է, որ ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Սա կնկատվի հատկապես Սյունիքում, Տավուշում և Լոռիում: Երևանում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա և ամենաբարձրը կգրանցվի մարտի 25-ին: Գիշերային ժամերին կլինի +5-ից +7, ցերեկը՝ 16-18 աստիճան:
Ապրիլ ամսին օդի միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավել: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերին դեռևս հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում՝ գիշերը մինչև -7-ից -12 աստիճան: Ամսվա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +10, +15 աստիճանի:
Տավուշում ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում՝ 0, +5, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կհասնի +20, +25-ի: Լոռիում գիշերային ժամերին ամսվա առաջին կեսին հնարավոր է մինչև -1, -5, իսկ երկրորդ կեսին՝ ցերեկը +15, +20 աստիճան:
Սյունիքում ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև +1, +5, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ հովտային գոտում մինչև +24, +27 աստիճան:
Արարատում, Արմավիրում և մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին, երբ կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, չի բացառվում, որ կրկին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին լինի 0, +2 աստիճանի սահմաններում:
Սակայն, ապրիլի երկրորդ տասնօրյակից սկսած, երբ Հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձանա. +23, +25»,-նշեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Անի Կարապետյան