▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ բարեկարգված բակ` Նոր Նորք վարչական շրջանում

Երևանի զարգացման 2016թ. ծրագրերով շահագործման է հանձնվել Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 28 և 28/1 շենքերի բակային տարածքում կառուցված շուրջ 900քմ տարածք զբաղեցնող մանկական խաղահրապարակը:

Խաղահրապարակի բացմանը ներկա են եղել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և նույն տարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Շրջելով տարածքում՝ նրանք ծանոթացել են կատարված աշխատանքների վերջնարդյունքին, բակում ստեղծված հարմարություններին: Զրույցի ժամանակ բնակիչները գոհունակությամբ նշել են, որ, չնայած շինարարության ընթացքում ծագած ժամանակավոր որոշ անհարմարություններին, երեխաներն այսուհետ կխաղան իրենց երազած բակում:

Խաղահրապարակը բաժանված է երկու մասի. մի հատվածում երեխաների համար կառուցված, արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի խաղադաշտն է՝ նախատեսված նաև բասկետբոլի համար, իսկ մյուս մասում խաղադաշտն է՝ մանկական խաղով: Երեխաների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով տարածքում տեղադրվել են նաև մարզասարքեր: Սալապատ ճեմուղիներ, նստարաններ, ցայտաղբյուր ունեցող հանգստի վայրը կծառայի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:

 Նախագծողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև կանաչապատմանը. տարածքը ձևավորված է սիզամարգերով, ծաղկանոցով, մշտադալար տնկիներով: Ուրախ տրամադրություն են փոխանցում նաև հարակից շինությունների պատերի նկարազարդումներրը: Խաղահրապարակն ամբողջությամբ ապահովված է արտաքին լուսավորությամբ: Տարածքը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժին:
Խաղահրապարակը կառուցելուն զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից ճանպարհահատվածն ու բակային տարածքը: 

 Արմեն Ուլիխանյանն ու Ռոբերտ Սարգսյանը բնակիչների հետ նաև խորհրդանշական եղևնի են տնկել բակում: 

Նշենք, որ այս տարի Նոր Նորքում նախատեսվում է բարեկարգել ավելի քան 30 բակային տարածք:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more