▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ դու՞, Լիլիթ, սովե՞լ եք…

 

Hraparak.am-ը գրում է.

Մի փոքրիկ դիտարկում եմ ուզում անել՝ առանց վերամբարձ խոսքերի: Նշույլ անգամ վիրավորանքի միտում չունեմ: Իշխանական կոալիցիա են կազմում, հետո ասում ժողովրդին՝ ինչ անում, ձեզ համար ենք անում: «Քաղաքում» սերիալը հիշու՞մ եք: Երբ Մխոյի հերը երեխեքին ասում է՝ ինչ անում, ձեզ համար եմ անում: Նրա «սուպեռ ազնիվ» երեխեքն ուզում են, որ հայրը իրենց համար ոչինչ չանի, այլ արդար, մաքուր ու ճիշտ կյանքով ապրի: Հայրն էլ մի խաղ է սարքում. Իբր արդեն սնանկացել են և տունն անգամ պիտի գան ու գրավի տեղ վերցնեն:

Ընտանիքն իրար է խառնվում, լացում, տխրում, տառապում, հիշում իրենց փառավոր կյանքը ու տենչում նույնը: Հիմա մեր կոալիցիայից դուրս մնացած կուսակցություններն են: Փառավոր ապրեցին, ժողովրդին ասելով՝ ինչ անում, ձեզ համար ենք անում: Ժողովուրդը սովից կաղկանձում էր, բայց իրենք, չգիտես ինչու, նրա համար ոչինչ չէին անում, ամեն ինչ նույնն էր մնում: Իսկ դրա փոխարեն իրենք բարգավաճում, «փափլիկանում էին»: …Ու որպեսզի ժողովուրդը հավատա նրանց, իրենք էլ մի խաղ սարքեցին: Հայտարարեցին, որ կոալիցիայից դուրս են գալիս, ժողովրդի մոտ այս էլ որերորդ անգամ տպավորություն ստեղծելով, որ ինչ անում, ձեզ համար ենք անում:

Ընտանիքը / իրենց կուսակցության անդամները/ իրար խառնվեց, նեղսրտվեց: Պապան ասաց՝ ինչ անում, ժողովրդի համար ենք անում: Ստիպված ընտանիքի անդամներով մեկ- մեկ հայտարարություններ են անում. «Վերջին հաշվով, կարելի է կառավարության մաս կազմել տարբեր մոտեցումներով: Կարելի է ուղղակի կաշառվել մի քանի պորտֆելով եւ մաս կազմել կառավարության, կարելի է մաս կազմել կցորդի կարգավիճակով, կարելի է մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով` պատասխանատվությունը կիսելով, հստակեցնելով անելիքները եւ պատասխանատվություններն ու պարտականությունները: Մենք երրորդ ձեւին ենք ավելի շատ կողմնակից, եւ այս առումով է, որ ձգձգվում է», - նշում է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Եվ դու՞, Լիլիթ» Գալստյանն էլ / արտահայտությունը ֆեսբուքից գտա, Աննա Ալիխանյանն էր գրառում արել/ հայրենասիրական ավելի մեծ պաթոսով է ներշնչվում. «Այնուամենայնիվ, ես չեմ կիսում այն տեսակետը, թե մեզ բոլորովին չի հաջողվել փոփոխություններ անել, ազդել պրոցեսների վրա։ Իհարկե, արդյունքները չափազանց համեստ են եղել, շատերիս չեն բավարարել, կարող էինք և իրավունք ունենք ավելին պահանջել։ Պահանջում ենք… և կարծում եմ, որ մեր պահանջատիրությունը, երկրին տեր կանգնելու պատասխանատվությունը, երկրում կուտակված խնդիրների խորությունը պարզապես պարտադրում են կենտրոնացնել մեր բոլոր ռեսուրսները հանուն Հայաստանի։ Ի դեպ, այսօրվա բարդ աշխարհաքաղաքական կացությունը բոլոր քաղաքական ուժերին է պարտադրում ազգային համախոհության դաշտում լինել, ծառայել Հայաստանին»:

Այդքան մեծ պաթոսաբանությանն ուզում եմ մեղմիկ հարցնել՝ սովե՞լ եք Լիլիթ… Բա էս խեղջ ժողովուրդն այսքան տարի ո՞նց է դիմանում: Ու ո՜նց է մի քանի անգամվա խաղի մեջ անգամ փորձում հույսի նշույլ գտնել: ՀԳ Կարծրատիպե՞ր եք կոտրում, թե՞ մեզ եք կոտրում:

 Հասմիկ Բաբաջանյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more