▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ-ում ամեն կերպ փորձում են մեզ դուրս վռնդել

«Զոռով սիրված չես լինի»... Հիշում եք երևի, թե ի՞նչ փաստարկներ էին բերվում մեզ՝ ԵՏՄ հորջորջված կազմակերպությանը Հայաստանի ստիպողաբար և շանտաժով անդամակցելու ընթացքում. իբր, եթե Հայաստանը չանդամակցի այդ կասկածելի կառույցին՝ նրան ուղղակի կգցեն Ուկրաինայի օրը: Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ ընդամենը այդ նույն ԵՏՄ-ի կողմից բառացիորեն լքված ու անարգված Հայաստան ու Արցախ: Գոնե այս դժվարին պահին իրատեսական լինենք ու հասկանանք վերջապես, որ այդ նույն կառույցում բոլորը մեզ բացահայտ արհամարում են ու ամեն կերպ փորձում են դուրս վռնդել այնտեղից: Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «Զոռով սիրված չես լինի»:

Այդ առումով՝ ուշագրավ մի մեջբերում «Հետք» լրատվական կայքի. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում վերածվել է «սպիտակ ագռավի», որին անդադար համոզում են, որ նա այդ կառույցներում առկա շահերի խաչաձևման մեջ լրիվ ավելորդ է։ Ավելին, Հայաստանի շահերը, պետական արժանապատվությունը վերածվել են դեպի Անկարայի և Բաքվի սրտերը տանող դռան առաջ ընկած լաթի, որի վրա Նազարբաևը և մյուսները կարող են հանգիստ մաքրել ոտքերը։ Հատկապես Ադրբեջանը թե արժեքային ու կրոնամշակութային, թե ուղղակի քաղաքական շահերի համընկնման տեսանկյուններից այդ կազմակերպությունների հետ լրիվ ներդաշնակ է, կարելի է ասել՝ հանդիսանում է այդ «ակումբների» ոչ ֆորմալ, թաքնված անդամը։ Հայաստանը ստիպված է ամեն անգամ գլուխը խփել այդ որքան վիրտուալ, նույնքան իրական պատին ու ցավից հուսահատ հոգոց հանել...

Իսկ գուցե արդեն ժամանա՞կն է անդադար ցավից տնքալու, վիրավորանքից տրտնջալու փոխարեն ուղղակի ջարդել այդ պատը՝ դնելով թե մեկ և թե մյուս կազմակերպություններից դուրս գալու հարցը։ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը Հայաստանին հիմա ուղղակի կխնդրեն գնալ այդ քայլին։ Մնում է համոզել Մոսկվային»։

Ռուբեն Շուխյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more