▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վաղը նորից ընտրություններ լինեն, ուզո՞ւմ եք՝ ապացուցեմ՝ այս ժողովուրդն իսկապես արժանի է այս ամենին. Սերգեյ Դանիելյան

168.am-ը գրում է.

Դերասան Սերգեյ Դանիելյանի հետ զրուցել ենք երևանյան վերջին իրադարձությունների, հասարակության ու Ոստիկանության վարքի, մտավորականների դերի ու այլ խնդիրների մասին

Պարոն Դանիելյան, զրույցը սկսենք երեկվա դեպքերից, մասնավորապես՝ ոստիկանների կողմից քաղաքացիներին չպատճառաբանված կերպով բերման ենթարկելու խնդրից. ոստիկանների պահվածքն ինչպե՞ս կգնահատեք:

– Ոստիկանության պահվածքը շատ ադեկվատ է, նրանցից ուրի՞շ բան էիք սպասում: Ոստիկանությունն ի՞նչ պետք է անի. պետք է պաշտպանի իշխանությանը: Իշխանությանը պետք է պաշտպանի ժողովրդից: Դա է:

Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ինչո՞ւ չի գնում «Սասնա ծռեր» զինված խմբի հետ բանակցությունների, որն ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց:

– Իշխանությունը սրան վերաբերվում է՝ որպես ահաբեկչության: Եվ ըստ նրանց՝ զենքով մարդկանց հետ բանակցության գնալն իմաստ չունի: Այսինքն՝ եթե նրանք գնան բանակցությունների՝ երևի թե աշխարհում էլ չհասկանան: Մենք գուցե կարողանանք հասկանալ՝ ինչ է կատարվում, բայց ոչ մի ուրիշ երկիր չի հասկանա: Ըստ համաշխարհային կարծիքի՝ իշխանությունը պետք է վաղուց նրանց ոչնչացներ ու հաստատեր, այսպես ասած, «կայուն խաղաղություն»:

Բոլոր երկրների փորձառությունը չեմ կարող ասել, բայց ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն: Ուրիշ բան, որ մենք գիտենք՝ նրանք ովքեր են, իշխանությունն ով է, մեր ներքին խոհանոցը մենք հասկանում ենք… Աշխարհում հո բոլորին դա չե՞ս բացատրի: Եթե այդ ռակուրսից նայես, դեռ ավելին՝ իշխանությունն իրեն շատ լոյալ ու փափուկ է պահում: Բայց դե, ըստ մեզ՝ իհարկե, լրիվ ուրիշ պատկեր է:

– «Սասնա ծռերի» քայլերը ճի՞շտ էին հաշվարկված, այսինքն՝ ոստիկաններին պատանդ են պահում, հետո բաց են թողնում ու հայտարարում, որ իրենք պատանդ պահելու նպատակ չեն ունեցել: Որոշ ժամանակ անց պատանդ են վերցնում բժիշկներին: Սա հուսահա՞տ քայլ էր:

– Ընդհանրապես իրենց քայլը հուսահատ քայլ էր: Նորմալ վիճակում ոչ ոք նման քայլ չի անում, մանավանդ, եթե նրանք կրոնական աննորմալներ չեն, այլ նորմալ, ադեկվատ մարդիկ են: Ուղղակի հասկանում են, որ այլ կերպ այս երկրում հնարավոր չէ հարց լուծել, դրա համար այդպես են վարվում: Իսկ հաշվարկվա՞ծ էր, թե՞ ոչ, ես չգիտեմ: Ո՞ւմ կողմից էր հաշվարկված, ո՞վ էր հաշվարկում այս ամենը, ի՞նչ ուժեր են կանգնած նրանց հետևում… մենք ամեն ինչի 30 տոկոսը գիտենք, եթե ոչ պակաս:

Պարոն Դանիելյան, իշխանությունն անընդհատ ասում է, որ արյունահեղություն չի ուզում, բայց ինչպես տեսնում ենք՝ «արյունից» խուսափել չի ստացվում: Ներքին լսարանի՞, թե՞ միջազգային հանրության համար են նման հայտարարություններ արվում:

– Ոչ, իրականում իշխանություններն իսկապես չեն ուզում արյունահեղություն: Արյունահեղությունը ոչ մեկին ձեռք չի տալիս: Արյունահեղությունն իշխանությունների խայտառակությունն էլ է, որովհետև իշխանության մեղքն է, որ այս վիճակն է: Եթե հարցն արյունահեղությամբ լուծվի, ուրեմն երկու անգամ ավելի մեղավոր կլինեն: Իսկ ինչ եղել է՝ անխուսափելի էր: Օրինակ, ես չհասկացա՝ ինչո՞ւ դուրս եկան Պավլիկենք, ինչո՞ւ կրակեցին նրանց վրա, ես չգիտեմ… Ասում եմ՝ մենք 30 տոկոսն ենք հասկանում այն ամենի, ինչ կատարվում է: Նայում ենք՝ ուղիղ եթեր, օնլայն ինչ-որ կինո է, որի «թարգմանությունը» ոչ միշտ է հասնում մեզ…

ՊՊԾ տարածքում գտնվող զինյալ խմբի անդամները բազմիցս հայտարարել են՝ ինչ էլ լինի՝ չեն հանձնվելու: Ի՞նչ ելքեր եք տեսնում. իշխանություններին կհաջողվի՞ ճնշել նրանց, թե՞ քիչ-քիչ վիրավորելով՝ նրանց դուրս կբերեն գնդի տարածքից: Ինչ-որ սցենար ուրվագծվո՞ւմ է Ձեզ մոտ:

– Կարծում եմ՝ ինչ-որ մեկը սցենարը գիտի, բայց ես այդ մեկը չեմ: Ինձ թվում է՝ այս ամենը մի քիչ ավելի խորն է, քան մենք կարծում ենք, ու շատերն այնտեղ ուղղակի քավության նոխազ կդառնան: Դա է վատը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more