«Ես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, սուրբ մյուռոնով կնքված եմ»,- այս մասին այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը տեղից շշնջաց․ «Զգո՜ւյշ», որին ի պատասխան՝ Սարիկ Մինասյանը շարունակեց․ «Զգույշ եմ, իմ երկրին, պետությանը իմ գիտելիքներով միշտ ծառայել եմ»։ «Մեր Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված՝ իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք, եթե էդտեղ կա որևէ քաղաքական դրդապատճառ, միանշանակ ես կկանգնեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ոչ թե անձերի, այլ իմ եկեղեցու, որտեղ ես կնքվել եմ, շուտով էլ պատրաստվում եմ իմ երեխաներին կնքելու։ Ուրեմն որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ մեր ավագանու խմբակցությունից որևէ մեկը կարող է դուրս գալ եկեղեցու դեմ, այստեղ եկեղեցու դեմ որևէ արշավ չկա, բոլորս հավատացյալներ ենք, քրիստոնյա։ Եվ նորից շեշտում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդն ենք։ Կա իրավական պրոցես, որի մեջ, ես գտնում եմ, պետք չէ մտնել»։ |
***
Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փաստը։ Ի նշան բողոքի՝ Սիմոնյանը բոյկոտեց ՔՊ-ականների հրավիրած նիստը ու հեռացավ դահլիճից՝ ՔՊ-ական գյումրեցիներին հորդորելով՝ քաջություն դրսևորել, արտահայտվել հրապարակային դաշտում և որպես հայ, որպես գյումրեցի իրենց միջնորդությունն ունենալ օր առաջ Միքայել Աջապահյանի ազատման հարցում։ «Նախ՝ մարդ լինենք, հետո՝ հայ, գյումրեցի, և հետո նոր՝ կուսակցական»,- հորդորեց Սիմոնյանը։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջարկով դիմեց ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի՝ ասելով․ «Կուզենայինք, որ Սարիկն անպայման դեմ քվեարկեր Միքայել Սրբազանի բանտարկմանը, Գյումրիից սկսվեր՝ բարձրաձայներ․ «Ազատությո՜ւն Միքայել Սրբազանին»»։ |