▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե անհրաժեշտ լինի, ես որոշ հստակեցումներ կարող եմ մտցնել, որ Բալասանյան-Ենիգոմշյան էջը վերջնականապես փակվի

Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ազատ արձակվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Իր հետագա ծրագրերի, Արցախյան հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարության, անցկացվող հավաքների մասին զրուցեցինք Ալեք Ենիգոմշյանի հետ:

-Ինչպե՞ս եք, պարոն Ենիգոմշյան:

Շատ լավ:

 -Դուք անցկացվող հանրահավաքներին, երթերին մասնակցելո՞ւ եք:

Ես իմ ազատ արձակվելուց հետո չեմ մասնակցել, բայց դրանից որևէ հետևություն չպետք է անել:

-Երեկ Վիտալի Բալասանյանը news.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ դուք իրականության չհամապատասխանող հայտարարություններ եք արել՝ հավանաբար դիվիդենտներ շահելու նպատակով:

 Նախ և առաջ ես գտնում եմ, որ այդ թեման՝ Բալասանյանը, թե Ժիրայր Սեֆիլյանը ինչ է ասել, արհեստականորեն մեծացվում է, ես չեմ մասնակցի այդ հարցերի արհեստական մեծացման խաղին. հիմնական խնդիրը քողարկելու և երկրորդական, երրորդական հարցերը առաջ բերելու միտում եմ ես այնտեղ տեսնում: Երկրորդը՝ ես գտնում եմ, որ այդ խնդիրը, այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանը ինչ է ասել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին և այլն, Բալասանյանը ինչ ձևով է դա ներկայացրել կամ մեկնաբանել, ես ինչ եմ ասել և այլն, այդ էջը փակված է, որովհետև «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման այդ էպիզոդը տեխնիկապես փակված է, հետևաբար փակված էջի շուրջ խոսակցությունները շարունակել անիմաստ եմ գտնում: Երրորդը, եթե անհրաժեշտ լինի, ես պարզապես հստակեցում անելու միտումով որոշ հստակեցումներ կարող եմ մտցնել, որպեսզի այս Բալասանյան-Ենիգոմշյան էջը վերջնականապես փակվի, պարզապես այդ նպատակով: Ամենավերջում ասեմ, որ ես ինքս խնդիրը չեմ անձնավորեցնում, մենք ի՞նչ ենք այստեղ, Ենիգոմշյանն ո՞վ է, Բալասանյանն ո՞վ է այս ամբողջ մեծ խնդրի մեջ, հասկանո՞ւմ եք մեր խնդիրը շատ ավելի լուրջ է, շատ ավելի մեծ է:

 -Այսօր տեղի են ունենում հանրահավաքներ, երթեր, բայց գնալով մասնակիցների թիվը նվազում է: Ի՞նչ է անհրաժեշտ ժողովրդի համախմբման, ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկման համար:

Այս օրերի համար դա նորմալ երևույթ է և նույնքան նորմալ երևույթ կլինի, որ մոտակա օրերին այդ կացությունը կփոխվի և ամեն ինչ վերստին իր տեղը կգտնի: Բոլորի համար պարզ է, որ ռեժիմը, իշխանությունը իսկապես վախենալով, որ մեծ ընդվզում է առաջանում, ամեն ինչ արեց, որ այդ համակարգող խմբի անդամները մեկուսացվեն և այնտեղ կազմակերպվածությունը չլինի, դա շատ կարճ ժամանակվա համար գուցե իրենց հաջողվեց, բայց մենք տեսնում ենք, որ, այո, քչանում է այդ մարդկանց թիվը, բայց այսքան օրեր հետո, մինչև երեկ, եթե մասնակիցների թիվը 1000-ից պակաս էր, երեկ 1000-ից ավելի էր, այդ ամեն ինչը երկրորդական բաներ են: Իրենք փորձեցին քաղաքական հետապնդում կատարել ամեն ձևով՝ ջարդով, ծեծով ժողովրդին վախեցնել, համակարգողներին մեկուսացնել, ընդամենը մի քանի օրվա համար դա իրենց հաջողվեց, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Ժողովուրդը գիտակից է և ժողովրդի միջից ակտիվ, խելացի մարդիկ դուրս կգան: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more