▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ աշակերտների՝ այդ նույն ուսուցիչը արցախցիներին թուրք է անվանել․․․»

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսանյութ է տարածվում դպրոցում ուսուցչի նկատմամբ բորբոքված աշակերտների և իրենց ծնողների մասնակցությամբ։

Տարբեր կարծիքներ են հնչում, բայց հիմնականում անդաստիարակ անվանելով բողոքն արտահայտող երեխաներին։

Այնինչ, անչափահաս երեխան չի կարող մեղադրվել անդաստիարակության մեջ, քանի նա ստանում է այդ դաստիարակությունը առաջին հերթին հենց ուսուցչից։

Հատկապես երեխաները զգայուն լինելով իրենց մանկության, դեռահասության շրջանում կարիք ունեն համբերատար, կշռադատված, կայուն հոգեվիճակի, բարձր գիտելիքների ու պատասխանատվության տեր դաստիարակների։

Տարածված տեսանյութերում, որը կարող եք դիտել Tribune - ի Յութուբյան էջում, երեխաները հստակ նշում են ուսուցչի պահվածքը, որտեղ ոչ թե գիտելիքների պահն է գերակշռում, այլ ուսուցչի կենցաղային, անձնական հարցերը։

Իսկ բողոքելու շարժառիթը, ըստ ծնողների այդ դասատուի "թրքասիրություն" քարոզելն է, քանի որ ուսուցիչը կովկասի թաթարների մասով անդրադարձել է, որ դրանք այսօրվա ադրբեջանցիներն են և նրանք կարող են նաև լավ մարդ լինել, բացի դա, ըստ աշակերտների՝ այդ նույն ուսուցիչը արցախցիներին թուրք է անվանել։

Ի թիվս նշածիս, ամենավատն այն է, որ նման հարցը պետք է լուծվեր դպրոցի, կամ կրթության ոլորտը համակարգող գերատեսչության ներսում, ոչ թե նկարվեր ու համացանց դրվեր։ Որովհետև և երեխաները թիրախավորվեցին, և ծնողները, և անհեռատես, կենցաղային, անձնականը մանկավարժի բարձր շնորհքի հետ խառնած ուսուցիչը»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա անթույլատրելի, աղետալի երևույթ է, ցինիզմ։ Կրթական հաստատությունում այսպիսի հրապարակային լինչի դատաստան տեսնել ուսուցչի նկատմամբ՝ ներգրավելով աշակերտների։
Սա պարզապես հատակն է, որևէ առնչություն չունի դաստիարակության, կրթական պրոցեսի կամ աշակերտների իրավունքների հետ։ Մի՞թե կարելի է այսպես վարկաբեկել ուսուցչի հեղինակությունը, դպրոցն առհասարակ։
Ուսուցչուհու վարքն ու մանկավարժական կարողությունները միայն մանկավարժական խորհրդի և տնօրինության քննարկման առարկան պիտի լիներ։
Ինչպե՞ս կարելի էր հասնել այս հանգրվանին, սա մեկ օրվա պատկեր չէ․․․
ԱԺ ամբիոնից մինչև համայնքային դպրոց բռնության ու լպիրշության մշակույթ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե կապ չունեն միմյանց հետ։ Բայց դեգրադացիան այս պատկերն ունի․․․ և այն վարակիչ է։
Համատարած երկիր- մղձավանջ»։
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցում դասադուլ էր հայտարարվել: Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում էին նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։ Նրանց պնդմամբ՝ Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում և ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին: Իսկ Ռոզա Դավթյանը նշում էր, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, ծնողների ու աշակերտների հետ միասին, դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։
Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more