life.panorama.am-ը գրում է. «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դարձյալ սկանդալի կիզակետում է հայտնվել: Այս անգամ հանրության կողմից բուռն քննարկման թեմա է դարձել նրա նոր՝ KristosTV.com համացանցային հեռուստատեսության անվանումը: life.panorama.am-ի հետ զրույցում Անին անդրադարձավ նոր նախագծին ու իր հասցեին հնչող քննադատություններին:
–Շատերը կարծում են, թե դուք կարիք ունեիք հերթական սկանդալի: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ KristosTV.com:
-Պետք է ասեմ, որ միայն օգտատերերն են կարծում, թե ես կարիք ունեի, կամ ուզում էի սկանդալ առաջացնել: Ես նշել եմ, որ այս հեռուստատեսության անվանումը իմ մտահղացումը չի եղել,այն առաջարկել է իմ գործընկեր Ավետիս Կալաջյանը, ում հետ միասին մենք նախաձեռնել ենք այս նոր ինտերնետային հեռուստատեսությունը: Ես շատ լավ գիտեի, որ մեր հասարակությունը բազմաբևեռ է ընկալելու այս անվանումը, բայց քանի որ ես ինքս այն կարծիքին եմ, որ անվանումը չէ, որ լուրջ դերակատարություն պետք է ունենա, և հարգելով գործընկերներիս ցանկությունը, ժամանակ չկորցնելով ավելորդ բանակցությունների վրա, որոշեցի, որ համակերպվեմ անվանման հետ:
–Այսինքն դուք դե՞մ եք անվանը, ուղղակի դրա վրա ժամանակ չեք ուզեցել ծախսել բանակցությունների վրա:
-Ես դեմ չեմ, բայց գիտեի, որ մեր հասարակության մեջ դա տարբեր ընկալումներ է առաջացնելու:
–Իսկ դա իսկապե՞ս նորմալ է անկախ բնույթից Քրիստոսի անվամբ հեռուստատեսություն ստեղծելը:
-Այո՛, ես նորմալ եմ համարում: Պետք է նշեմ, որ Քրիստոնեական թեմաներ կամ քարոզներ այս հեռուստատեսությունը չի տանի: Բայց այսօր մեր հասարակությունը այնքան է բարոյալքվել, այնքան է հեռացել իր հոգևոր արժեքներից, որ ինչո՞ւ ոչ, հարկ կա ևս մեկ անգամ դեպի Արարիչը ուղղել մարդկանց: Մենք ունենք քրիստոնեական արժեքներ, որոնց մենք տարիներ շարունակ հետևել ենք, ու հիմա մեր հասարակությունը, եթե վերադառնա այդ արժեքներին, ահագին փոփոխություններ կլինեն բարոյական մթնոլորտի առումով: Այսօրվա հասարակությանը, երբ ես նայում եմ, սարսափում եմ, թե մենք երբ կարողացանք այդ աստիճան պղծվել և բարոյալքվել: Լավի և գեղեցիկի կողքին այսօր մեր իրականությունում կա մի բարոյալքված մաս, ովքեր պարզապես սարսափեցնում են մարդուն:
–Այս հեռուստատեսությունը ի՞նչ պետք է անի, որպեսզի ավելի բարոյական դարձնի հասարակությանը:
-Այս հեռուստատեսության բուն շեշտադրումը քաղաքական է լինելու, բայց հոգևոր հաղորդումներ էլ են լինելու, որոնց հյուրերը կլինեն հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր գործունեությամբ իսկապես գնում են դեպի հոգևոր արժեքներ: Ես գիտեմ, որ մեր հոգևոր ոլորտում էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես հարկն է և դրա ապացույցը այն աղանդավորական շարժումներն են և այն բարոյալքումն է, որ կա մեր հասարակության մեջ: Մենք պետք է կերտենք հոգևոր հայրենիք. պետականությունը պետք է ամրապնդվի բարոյահոգեբանական ազնիվ և արդարամիտ մթնոլորտով:
–Այս հեռուստատեսության անվանումը բարկացրել է նաև շատ հոգևորականների. Նրանք աննորմալ են համարում Տիրոջ անունով հեռուստատեսության ստեղծման գաղափարը: Դրանք Ձեզ հուզո՞ւմ են:
-Դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է:
-Անի Դուք Ձեզ հասարակության ո՞ր հատվածի մաս եք համարում:
-Ես ինքս ինձ միանշանակ բարոյական հատվածի մեջ եմ համարում: Այդպես են համարում նաև բոլոր այն մարդիկ, ովքեր հասցրել են ինձ ճանաչել մոտիկից, այլ ոչ թե իմ անձի շուրջ հյուսված ասեկոսեներից:
-Հասարակության շրջանում Ձեր սեքսուալ բնույթի լուսանկարներից հետո մեծ իրարանցում առաջացավ, գուցե շատերը հակառակվե՞ն հիմա այդ լուսանկարներից հետո Ձեր բարոյական արժեքներ քարոզելը լսելուց:
-Եթե կինը քաղաքականությամբ է զբաղվում, չպետք է մոռանալ, որ նրա սկիզբը կին լինելն է, և եթե նա ունի սեքսուալ արտաքին, դա բացարձակապես կապ չի կարող ունենալ իր քաղաքական գործունեության հետ: Այո, Անի Զախարյանը ունի սեքսուալ արտաքին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում