▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նմա՞ն եմ հոգնած պետական ծառայողի

«Հարկադիր ծառայություն են գալիս այն գործերը, որոնք կամովի չեն կատարվում: Այս տարի մեև բռնագանձումների ծավալը 25 միլիարդ դրամ է կազմել, իսկ անցած տարի 37 միլիարդ: Հարուցված 893 հազար ընդհանուր վարույթներից 660 հազարը պետավտոտեսչության վարչական ակտերն են: Եթե մի ժամանակ այդ ամբողջ ծավալը դատարանի միջոցով էր գալիս, այժմ ուղղակիորեն է գալիս: Այսօր ունենք պարտապան, որն ունի 2000 և 3000 ակտ: Մեկն էլ 40 միլիոն դրամի վարչական ակտ ունի»,-ամփոփելով 2015 թվականի կատարած աշխատանքները՝ ասաց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր չէ այնպես անել, որ մարդ գոնե անտուն չմնա, Միհրան Պողոսյանը պատասխանեց.

«Մենք առաջադրեցինք վերջին կացարանից չզրկելու խնդիր, բայց, ցավոք, մինչ օրս դրա լուծումը չունենք: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, հարցը Կառավարությունում է: Գիտեք, բանկերի հետ կոնկրետ խնդիր կա: Հարցին միակողմանի պետք չէ մոտենալ»:

ԴԱՀԿ ծառայության պետն անդրադարձավ նաև ծառայության համար բռնագանձվող 5000 դրամին.

«Օրենքով սահմանված կարգով ծառայությունը գանձում է կատարողական ծախս: Կատարողական ծախսի 50 տոկոսն ուղղվում է խրախուսման ֆոնդ: Ամեն ամիս մեր բոլոր աշխատակիցները խրախուսվում են և այդ ամբողջ գումարը հավասարապես բաշխվում է, իսկ մյուս 50 տոկոսն ուղղված է զարգացման ֆոնդին: Ծառայությունը իր ծախսերը 65 տոկոսը այդ գումարով է անում»:

Եվ, քանի որ ասուլիսի ընթացքում հնչող հարցերի մեծ մասը վերաբերում էին Միհրան Պողոսյանի բիզնեսին, վերջում նրան հարց ուղղեցին, թե արդյո՞ք չի հոգնել իր պաշտոնից.

«Ես այդքան նմա՞ն եմ հոգնած պետական ծառայողի: Ամեն օր վազելով և հաճույքով եմ աշխատանքի գալիս: Գոնե այդ մեկ հարցը ինձ չպետք է տայիք»,-եզրափակեց ԴԱՀԿ ծառայության պետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more