▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք «գրդոնով» չեմ զբաղվում. Գոռ Համբարձումյան

Life.panorama.am-ը գրում է. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանը մեր այսօրվա զրուցակիցն է: Նա նկարահանվել է «Քույրը», «Ամնեզիա», «Լույսի պահապան» հեռուստասերիալներում, «911» նախագծում, «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմում, իսկ այս շրջանում նկարահանվում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում:

-Գոռ, ի՞նչ զբաղվածություն ունեք այս պահին:

-Վերջին ամիսներն ինձ համար բավականին բուռն էին, քանի որ նկարահանվում էի տարբեր սերիալներում, միաժամանակ թատրոնում էլ աշխատանքը շատ էր: Վերջին օրերին մեր թատրոնի անձնակազմով վերադարձանք Մոսկվայից՝ հրավիրվել էինք մասնկացելու ֆեստիվալի, որտեղ մեր թատրոնը երեք ներկայացում ունեցավ, որոնցից մեկում ես էլ էի զբաղված: Առաջիկայում պատրաստվում ենք նոր ներկայցման, որտեղ հանդես կգամ բավականին մեծ ու հետաքրքիր դերով: Պատրաստում ենք Ա. Օստրովսկիի «На всякого мудреца довольно простоты» ներկայացումը, որտեղ մարմնավորելու եմ գլխավոր՝ Գլումովի կերպարը. այն շատ լուրջ եւ թատերական աշխարհում իր տեղը ունեցող դեր է: Պատրաստվում եմ ինձ համար պատասխանատու աշխատանքի, անգամ կարող եմ համարել, որ թատրոնում իմ այսքան ժամանակվա գործունեության մեջ ամենապատասխանատու դերն է այն:

-Իսկ հեռուստաէկրանային գործունեության մեջ «Վերջին հայրիկը» այս շրջանի միակ աշխատա՞նքը կլինի:

-  Ոչ, վերջերս նկարահանվել եմ նաեւ «Շարմ» ընկերության նոր նախագծում, որը կոչվում է «Հատուկ բաժին»: Այն 16  մասանոց ֆիլմ է, որը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ: Սա տարբեր պատմությունների մասին է, որոնցից մեկում ես հանցագործի եմ մարմնավորում:

-Գոռ, էկրանային Ձեր գործունեության մեջ հանդես եք գալիս էպիզոդիկ դերերով, դա ինչի՞ հետ է կապված, գուցե Ձեզ համար էլ էկրանային աշխատանքը երկրորդ տեղում է:

-  Չնայած թատրոնը ինձ համար ուրիշ աշխարհ է, բայց դա չի նշանակում, որ էկրանային աշխատանը երկրորդ տեղում է: Անկեղծ ասած, ես չեմ էլ ձգտում գլխավոր դերերի, քանի որ ինձ համար գլխավորը դերասանի աշխատանքով զբաղվելն է, գլխավոր դերերով ներկայանալու մոլուցքով չեմ տարված: Անկախ գլխավոր եւ երկրորդական դերերից՝ ես երբեք այսպես կոչված «գրդոնով» չեմ զբաղվում, յուրաքանչյուր դերի մեջ դնում եմ իմ ողջ ներուժը: Պարզապես վերջին շրջանում այն սերիալները, որտեղ նկարահանվել եմ, կարճ կյանք են ունեցել, ուստի դերերն էլ այդքան մեծ զարգացում չեն հասցրել ունենալ:

-Գոռ, եղե՞լ է պահ, որ զղջաք մասնագիտության ընտրության հարցում:

- Ոչ, նման պահ չի եղել, պարզապես դերասանի կյանքն այնպիսին է, որ եթե նա երկար ժամանակ չի զբաղվում իր աշխատանքով, հետընթաց է ապրում, բայց Փառք Աստծո, արդեն ուսանելուս տարիներից սկսած ես զբաղվում եմ իմ գործով եւ մեծ հաճույքով եմ դա անում:

-Գոռ, շատ ուսանողներ կան, ովքեր սովորում են Թատերական ինստիտուտում, բայց քչերին է հաջողվում հայտնվել որեւէ թատրոնում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս ընդունվեցիք ռուսական դրամատիկական թատրոն:

- Ես սովորել եմ Ալեքսանդր Գրիգորյանի կուրսում, ում իմ ամբողջ կարիերայի համար պարտական եմ: Այն, ինչ սովորել եմ թատրոնում, իրենից եմ «գողացել», մինչ այսօր էլ պատիվ ունեմ իր կողքին աշխատելու: Հենց նրա միջոցով էլ ես եկա այս թատրոն եւ մեծ հաճույքով սկսեցի աշխատել: Ալեքսանդր Գրիգորյանը ինձ համար մեծ ճանապարհ է բացել:

-Հայտնի դառնալու մասին երազե՞լ եք:

- Նախ ցավով մի բան պետք է նշեմ. այսօր շատ ուսանողներ ընդունվում են թատերական ինստիտուտ մի նպատակով, որպեսզի հետո նկարահանվեն սերիալներում, ինչն ինձ համար անհասկանալի է, այսօր մի տեսակ «լայքոմանիա» է ստեղծվել, ինչը շատ վատ բան է: Իսկ հայտնի դառնալը հարաբերական երեւույթ է, որովհետեւ այս ասպարեզում հայտնի դառնալը նույնքան հեշտ է, որքան նույն ասպարեզից չքանալը: Դերասանի մասնագիտությունը հենց այդ բնավորությունն ունի՝ կարող ես մի վայրկյանում հայտնի դառնալ, բայց հաջորդ վայրկայնում հանրության ճաշակի փոփոխման արդյունքում կորչես ասպարեզից, այնպես որ, ես մի փոքր զգուշանում եմ: Ինձ երբեք «զվյոզդը» չի տարել, համենայնդեպս ես նման բան չեմ զգացել:

-Գոռ, կարելի՞ է համարել, որ դեռեւս առաջին քայլերն եք անում եւ ապագայում հեռուստադիտողը դեռ Ձեզ կբացահայտի ուրիշ կողմերով:

- Հուսամ, որ այդպես կլինի: Այո, դեռեւս շատ մեծ աշխատանք չեմ արել կինեմատոգրաֆիայում, ուստի հույս ունեմ, որ ամեն բան դեռ առջեւում է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more