ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի Hard Talk հաղորդման ուղղվածությունը և ոճն իմանալով է որոշել հյուրընկալվել հաղորդմանը։ Այս մասին Մնացականյանն ասաց Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Եկատերինա Զախարիևայի հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նման հաղորդումը ժողովրդավարական երկրում ներքաղաքական դեբատի առիթ է դառնում, և ես շատ ուրախ էի, որ Հայաստանը բացառություն չէ։ Ուրախ եմ, որ Հայաստանում կարծիքների բազմազանություն կա` գոյություն ունի քննադատություն և աջակցություն։ Ինձ ուղղված քննադատության մեջ կար նաև կառուցողական քննադատություն, որտեղ առկա էին օգտակար կարծիքներ»,–ասաց նա։
Նախարարը, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե չի արձագանքել հաղորդավարի այն պնդմանը, որ Արցախը Հայաստան չէ, ասաց` քանիցս նշվել է` Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ, այլ անվտանգության հարց, որն առաջին հերթին մարդուն է վերաբերում։ Մնացականյանի խոսքով` որպեսզի Արցախը մնա պատմական տարածք, անհրաժեշտ է, որ ժողովրդի իրավունքը պաշտպանվի այսօր և վաղը։
«Մենք եղել ու մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը։ Իսկ հաղորդմանը մասնակցելու իմ գլխավոր նպատակը մեր` այս դիրքորոշումների տարածմանը նպաստելն էր»,-իր խոսքն ամփոփեց նախարարը։
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի. Զոհրաբ Մնացականյան