armlur.am–ը գրում է. Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանությունները փոթորկեցին ոչ միայն հայաստանյան քրեական աշխարհի թվացյալ անդորրը, այլև լուրջ խմորումներ առաջացրին երկրի ներքաղաքական կյանքում: armlur.am–ը, համադրելով մինչ այս պահը մամուլում հրապարակված նյութերը, փորձեց հասկանալ իրավիճակը, թե քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) սպանությամբ ինչ հարցեր լուծելու փորձ էր կատարվել և ինչու նրա անունը հիշատակվեց նաև քաղաքական անցուդարձին ակտիվ մասնակցություն ունենալու մասով
Ի՞նչը կարող էր լինել Լևոն Ղազարյանի սպանության դրդապատճառը
Դեպքից անմիջապես հետո, ինչպես և կարելի էր սպասել, որպես սպանության պատվիրատու շրջանառվեց հայազգի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) անունը: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Լևոն Ղազարայանն ու Գևորգ Մելիքյանը տարաձայնություններ են ունեցել մեկ հեռախոսազանգի պատճառով: Լյովիկը ապտակել էր Գևորիկին, ինչն աններելի էր: Սակայն նրանց ընդհարումները լուծված էին համարվում մինչ այն պահը, երբ սպանվեց քրեական հեղինակությունը:
Սպանության մեջ Գևորգ Մելիքյանի մասնակցության վարկածն իսկույն հերքվեց, երբ «հիշվեց» մեկ այլ պատմություն:
Այս անգամ կիզակետում հայտնվեցին իշխանական էլիտայի ներկայացուցիչներ: Մամուլում շրջանառվեցին Հովիկ Աբրահամյանի, նրա որդու՝ Արգամ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունները: Նույն լուրերի համաձայն, Արգամ Աբրահամյանն ու Լևոն Ղազարյանը մտերիմ ընկերներ են եղել, ինչպես նաև համատեղ բիզնես են ունեցել: Ի դեպ, Լ. Ղազարյանի հոգեհանգստին ներկա է եղել նաև Արգամ Աբրահամյանը: Իսկ Մհեր Սեդրակյանը, շրջանառվող լուրերի համաձայն (որոնք պատգամավորը բնականաբար հերքել է)` եղել է Գևորգ Մելիքյանի մերձավորներից: Ավելին, խոսվում էր նաև այն մասին, որ Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո)` Մհեր Սեդրակյանի խնամու, նրա որդու և քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի միջև տարիներ առաջ լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել:
Ինչևէ, երբ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող ոստիկանությունը դեպքի մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, հօդս ցնդեցին վարկածները, թե հայտնի քրեական հեղինակության և նրա ընկերների սպանությունն «օրենքով գող» Օշականցի Գևորիկի` Գևորգ Մելիքյանի վրեժն է, կամ թե սպանողները ցանկություն ունեին ինչ-որ բան հասկացնելու Երրորդմասցի Լյովիկի ազգականին` «օրենքով գող» Պզոյին` Արմեն Ղազարյանին: Այլևս չքննարկվեցին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատի մարդկանց մասնակցությունը:
ԱԱԾ–ի հույժ կարևոր դերակատարությունը
Լևոն Ղազարյանի և նրա ընկերների` Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանության գործում ամենաուշագրավ դրվագներից մեկը եղավ այն, որ նախաքննություն իրականացնելու գործառույթը ստանձնեց Ազգային անվտանգության ծառայությունը: Այդ պահից սկսած` սույն գործի հետ կապված պաշտոնական ինֆորմացիան դարձավ, բառի ամենալայն իմաստով, անհասանելի: ԱԱԾ-ն «նախաքննական գաղտնիությունից ելնելով»` բառացիորեն հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել: Արդյունքը եղավ այն, որ տեղեկատվական քաղցը հագեցնելու համար դաշտը ողողեցին տարբեր վարկածներն ու չճշտված տեղեկությունները:
Երբ ի հայտ եկան Գաստիկը, Ծգլը և Տլեն…
Արդեն հիշատակված բոլոր վարկածներն ու փաստերը միանգամից մի կողմ դրվեցին, երբ ի հայտ եկան կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերած Գաստիկը, Ծգլը և Տլեն: Մամուլը միանգամայն հաստատված համարեց լուրերը, թե Գաստիկը` Վահան Հակոբյանը, որոշել էր վրեժ լուծել Երրորդմասցի Լյովիկից` անցյալում իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Լուրեր շրջանառվեցին, թե Շենգավիթում «նայող»-ի պատվավոր դերը ստանձնած Լևոն Ղազարյանն ախոյան ուներ` ի դեմս Գաստիկի: Վերջինս ոչ մի կերպ չէր համակերպվում այդ մտքի հետ: Եվ մի օր «աթոռակռիվը» պետք է իր հանգուցալուծումը ստանար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում