ermenihaber-ը գրում է.Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Էրոլ Դորան այցելել է Ստամբուլի Թուզլա շրջանի հայկական մանկատան ամառային ճամբար` «Քամփ Արմեն»:
Թուրքական «ozgur gundem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ «Քամփ Արմեն»-ում մեծացած Էրոլ Դորային ուղեկցել են պատգամավորի թեկնածու Էրքան Մեթինը և ազգությամբ ասորի քաղաքացիներ: Հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը, որը ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահություն է անցկացնում հենց ճամբարի տարածքում, այցելուներին ներկայացրել է տիրող իրավիճակը: «Նոր Զարթոնք»-ը ճամբարի տարածքում տեղադրել է մեծադիր պաստառ` «Ցեղասպանությունը շարունակվում է» թուրքերեն գրությամբ:
Քալքը հայտնել է, որ շարունակելու են իրենց պայքարը: Ճամբարի քանդման դեմ պայքարում նրանք աջակցություն են ստանում քրդերից, տեղի բնակչությունից և սիրիացիներից:
Դորան, պատմելով, որ մանուկ ժամանակ այստեղ է ապրել, անդրադարձել է ճամբարի քանդմանը: «Այս վայրը հոգևոր արժեք ունի: Որպես ԺԴԿ անդամ` ընդդիմանալու ենք այս անիրավությանը ու լինելու ենք հետևողական»:
Նա նաև դիմել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ պահանջելով վայրկյան առաջ վերջ տալ առկա անիրավությանը և ճամբարը վերադարձնել Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադարմին: