Վրացագետ Ջոնի Մելիքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան այցը դրական ու կառուցողական է համարում:
«Հանդիպումները փակ ռեժիմով էին, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ քննարկվել են բոլոր հարցերը, որոնք կան մեր միջպետական հարաբերություններում: Եղել են սպեցիֆիկ բանակցություններ, որոնց մասին չեմ կարող ասել, բայց դրանք կարևոր են ՀՀ համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջոնի Մելիքյանը:
Վրացագետը նկատում է՝ նոր սահմանադրությամբ վրացական իշխանությունները երկքաղաքացիներին չեն կարող զրկել Վրաստանի քաղաքացիությունից:
«Իմ կարծիքով՝ օրենսդրական որոշ բարեփոխումներ կարվեն, նոր օրենքներ կընդունվեն, համաձայն որոնց, ասենք, եթե մարդը Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի է, ժամանակ կտան, որպեսզի ներկայանա այնտեղի Արդարադատության նախարարություն և տեղեկացնի, որ ունի երկրորդ քաղաքացիություն: Իսկ ով չի տեղեկացնի՝ կարող են զրկել քաղաքացիությունից կամ ֆինանսական տույժի ենթարկել: Սա կարևոր հարց է, քանի որ մեծ թվով ջավախքահայեր ու Թբիլիսիում բնակվող հայեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից»,-նշեց Ջոնի Մելիքյանը: