▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները:
Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին»։

***

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, ում առավոտյան ձերբակալել էին, այս պահին գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ տեղեկությունը հայտնել են ՄԻՊ-ի աշխատակիցները։
Հիշեցնենք՝ երեկ գիշերը խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Դիտեք նաև՝

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին դեռ տեղեկություններ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հիշեցնենք՝ Սրբազանը առավոտյան էր ձերբակալվել։
«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Իրավունքի խախտման նման մասշտաբային դեպք չեմ տեսել։ Առավոտից քահանաներին իբրև վկա բերել են ՔԿ, սակայն փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել շենք»,- ասում է Զոհրաբյանը՝ հավելելով, որ ամենածանր հանցագործություն իրականացրած մարդն անգամ ունի պաշտպանության իրավունք, որը խախտվում է քահանաների պարագայում․ «Քննչական մարմինի կողմից այս ամենը լկտիություն է։ Հոգևորականները չեն կարողանում դուրս գալ, հեռախոսները առգրավել են, հավանաբար ինչ-որ գործողություններ են իրականացվում»,- նշում է Զոհրաբյանը։
Նրան թույլ տվեցին, որ մտնի Երևանի Քննչական վարչություն՝ տեսակցելու իր վստահորդներին։

Դիտեք նաև՝

«Մի քանի օր առաջ Նիկոլին ԱԺ-ում փոխանցեցի 1920-30-ականներին Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու նպատակով «Ազատ եկեղեցի» անվամբ աղանդավորական շարժման պատմությունն ու դրա անփառունակ տապալումը։ Հիշեցրեցի բոլշևիկ անաստվածների պարտությունը Մայր Եկեղեցու դեմ պայքարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ զուգահեռներ տանելով այսօրվա իրականության, հոգևորականների ձերբակալությունների հետ։ Նրա խոսքով՝ «մեր աչքի առաջ կատարվողը հիշեցնում է 37 թիվը։ Տերարամներն ու դանիելիոանիսյանները կրկնում են այդ ժամանակների դանոսներ հասցնող անաստվածներին... Բոլոր անաստվածները՝ էն դիմակով ԱԱԾ-ականները, քննիչները, թող չարդարանան, որ տուն են պահում: Նրանք պետությանը չեն ծառայում, Ստալինի ժամանակ էլ էին պետությանը ծառայում, միլիոնավորների գլուխը կերան»,- ասում է Մանուկյանը։

***

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն այսօր այլևս մարդկանց վրա ազդեցություն գործելու որևէ իրական գործիք չունի, բացի փողի ու փառքի հետևից ընկած կամակատար ուժայինների վրա հույսը դնելուց։
Այդ կատեգորիայի մարդիկ վաղուց կորցրել են ամոթը, բարոյականությունը և արժանապատվությունը, ովքեր ոչ միայն պատրաստ են կատարել ամենանողկալի հրամանները, այլև դա անում են հաճույքով՝ սեփական մեղքերը քավելու փոխարեն նորերը կուտակելով:
Պատերազմել սեփական ժողովրդի ու հավատացյալների դեմ ու միևնույն ժամանակ ծնկել թշնամու առաջ, սա է սրանց երազած ու կառուցած քաղաքական կուրսը...»։

***

Պետությունը փաստացի հրաժարվում է ընդունել փաստաբանների դիմումը ձերբակալված հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արմինե Ֆանյանը։ Ֆարմանյանը նաև հայտնեց, որ ձերբակալված հոգևորականների թիվն ավելացել է. «Բացի 6 հոգևորականներից, տեղեկություն ունենք, որ Տեր Համբարձում Դանիելյանին բերում են քննչական կոմիտե։ Եվս 2 հոգևորականի` Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Տեր Սարգիս քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել և տեղ չեն հասցվել։ Իսկ թեմի առաջնորդն ուղղակի անհետացել է»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ փաստաբաններն արդեն մի քանի ժամ է փորձում են դիմում ներկայացնել հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու համար, սակայն տարբեր պատրվակներով նրանց դիմումը չի ընդունվում։

Դիտեք նաև՝ 

«Ինչո՞ւ եք Քննչական վարչության ճանապարհը փակել։ Ընդմիջումն էլ ա ավարտվել, Զատիկն էլ, Սբխեչն էլ»,- դիմելով Քննչական վարչության դիմաց պատ կազմած ոստիկաններին՝ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը, ով մի խումբ փաստաբանների հետ պատրաստվում էր վարչության գրասենյակում մուտքագրել ձերբակալված հոգևորականների շահերի պաշտպանության վերաբերյալ դատավարական փաստաթղթեր։ «Պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ դիմումն էլեկտրոնային տարբերով մուտք ենք արել, սակայն ՔԿ-ն պատասխանել է, որ դիմումին կից օրինակը, որտեղ մեզ հանձնարարվում է ստանձնել շահերի պաշտպանությունը, իբրև կցված չէ։ Սակայն մեյլում հստակ երևում է, որ կցված է։ Այս բեմադրությունը ինչի՞ համար է»,- ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ վարչությունից ասել են՝ սպասել իրենց հրավերին։ «Վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականների նկատմամբ կա՛մ կարգավիճակի փոփոխություն են անում, կա՛մ դատավարական գործողություններ, որի իրավունքը չունեն, քանի որ անձանց պաշտպանության իրավունքը ապահովված չէ»,- նշեց նա:
Տեղեկացնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը առ այս պահը ճշտված չէ։

***

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ իշխանությունները իրավապահ համակարգի մասնակցությամբ ձեռնամուխ են եղել խուզարկությունների եւ ձերբակալությունների Արագածոտնի թեմում։
Վեց հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բերման են ենթարկվել, իսկ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ։
Մայր Աթոռի դեմ ուղղված լայնամասշտաբ գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է:
Հիշեցնեմ նաև, որ Նիկոլը վերջերս հայտարարել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսում է շարունակել «հարձակումը» Մայր Աթոռի վրա, բայց կոնկրետ օր ու ժամ չէր նշել:
ԲԴԽ նախագահին SMS-ով գործից հեռացնող ղեկավարն, իհարկե, նույն կերպ կարող է մի առավոտ` հեծանիվ քշելուց առաջ, SMS ուղարկել ՆԳՆ-ին ու Քննչական կոմիտեին՝ հերթական հարձակման հրահանգներով։ Նրա ոճը հենց այդպիսին է՝ անձնական քմահաճույքներով կառավարվող պետություն, որտեղ մեկ հաղորդագրությունը կարող է փոխարինել թե՛ օրենքին, թե՛ Սահմանադրությանը»։

***

Փաստաբան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դանիել Իոաննիսյա՛ն, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևում քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչո՞ւ են հոգևորականնրին զրկում պաշտպանության իրավունքից, փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել քննչական կոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբանները նրա տեղը չգիտեն։ Եթե դու տեղեկություններ ունես, հրապարակի»:

***

«Իրավունքների և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբույան գրառումը․ «Եվ երբ ժողովուրդը գիտակցի, որ հարվածը ուղղված է մեր հավատքին ու արժանապատվությանը, այդ օրը կլինի իրական արթնացման սկիզբը։
Հայաստանն այն երկիրն է, որ առաջինն է քրիստոնեությունը պետական կրոն հռչակել։
Եվ այսօր հենց այդ երկրի հողում տեղի է ունենում անընդունելին՝ սրբազանների, տեր հայրերի ձերբակալություններ, խուզարկություններ, կալանքներ։
Էս ամենը հարված չէ միայն մեր եկեղեցուն, այլ սա հարված է մեր ինքնությանը, մեր պատմական հիշողությանը, մեր հոգևոր հիմքերին։
Երբ հավատքը փորձում են փոխարինել կուսակցական շահերով, երբ սրբությունը դառնում է քաղաքական հաշվեհարդարի թիրախ, դա նշանակում է, որ պետությունը հեռանում է իր արմատներից։
ՔՊ-ն կարող է փորձել կալանքի տակ պահել մեր հոգևորականներին, բայց չի կարող բանտարկել մեր հավատքը, որը մեր ժողովրդի մեջ է, մեր արյան մեջ, մեր պատմության ամեն էջում»։

**

«Մայր Հայաստան» կուսակացության անդամ Սոնա Աղեկյանը և մի խումբ քաղաքացիներ փորձում էին մտնել Արագածոտնի թեմի առաջնորդարան, որտեղ խուզարկություն էր իրականացվում, սակայն ԱԱԾ աշխատակիցը նրանց թույլ չտվեց՝ պահանջելով հեռանալ տարածքից։ Հարցին, թե ներսում ի՞նչ գործողություններ են իրականացվում, ԱԱԾ-ականը պատասխանեց, որ տեղյակ չէ, ինքը տարածքի անվտանգությունն է ապահովում․ «Հարգեք մեր հավատքն ու թույլ տվեք ներս մտնել»,- ասաց Աղեկյանը, ինչին ԱԱԾ աշխատակիցն արձագանքեց՝ ասելով․ «Մենք էլ հավատք ունենք, ուղղակի ծառայության բերումով աշխատում ենք»։

Դիտեք նաև՝

 

«Սրբազան պայքար»-ի թելեգրամյան էջը գրում է. «Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

Այն, որ… ակնհայտ է...

Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է…

Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024թ. ապրիլից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ…

Այն, որ հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ…

Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ…

Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…

Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ…

Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
14.10.2025թ.

Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»»։

***

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի կոպեկ արժի հոգևորականներին ձերբակալելու կապակցությամբ աշխարհիկներիս վրդովմունքը, երբ եկեղեցականները Էջմիածնում իշխանականներին աղ ու հացով են դիմավորում:
Միքայել Աջապահյանի ազատությունը զոհաբերելը ձեզ հերիք չէ՞ր...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more