▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում

Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Ահազանգողները պնդում են, որ դպրոցը դարձել է թմրանյութերի էպիկենտրոն, և շատ ծնողներ վախենում են իրենց երեխաներին այնտեղ ուղարկել՝ առաջարկելով հեռու մնալ այդ դպրոցից։ Նրանք նշում են նաև, որ դպրոցի տնօրենը Մխչյանից չէ, իրենք վստահ են՝ որպես իշխանության կողմից նշանակված անձ` նա փորձում է միջադեպը կոծկել՝ թաքցնելով տեղի ունեցածը։

Oragir.News-ը գրում է, որ կայքի լրագրողն  այցելել է Մխչյան և փորձել հանդիպել դպրոցի տնօրենին, սակայն դռները փակ են եղել։ Տնօրենը հրաժարվել է զրուցել լրագրողների հետ և իր տեղակալների միջոցով փոխանցել է, որ գործը քննության փուլում է, ուստի մեկնաբանություն չի կարող տալ։

«Կայքի տեղեկություններով՝ այդ պահին դպրոցում անցկացվում էր մեծ ժողով՝ տարբեր դասարանների ծնողների մասնակցությամբ։ Նրանց, ըստ ամենայնի, իրազեկել են գյուղում և մասնավորապես դպրոցում տարածվող թմրամիջոցների մասին՝ միաժամանակ կոչ անելով երեխաներին հեռու պահել հեռախոսներից։ Այնտեղ էին նաև 4-րդ դասարանի տուժած երեխաների ծնողները։ Նրանցից մի քանիսը հրաժարվել են խոսել լրագրողների հետ, իսկ մյուսներին հրավիրել են Քննչական կոմիտե։

Լրագրողը զրուցել է նաև այլ ծնողների, աշակերտների ու գյուղացիների հետ, որոնք տեսախցիկի առաջ խոսել չեն ցանկացել։

«Լսել եմ, որ երեխաների շուրթերին ինչ-որ նյութ են քսել, թե ինչ՝ չգիտեմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Մյուսը հավելեց. «Միայն Մխչյանի դպրոցը չէ, ամբողջ հանրապետությունում նույն վիճակն է, դպրոց են բերում ու տարածում՝ փող աշխատելու համար»։

Լրագրողն այցելելեց նաև բռնության ենթարկված երեխայի տուն, սակայն նախաքննական գաղտնիք չբացահայտելու պատճառով ընտանիքի անդամները հրաժարվել են հարցազրույց տալ»,-գրում է սկզբնաղբյուրը։

***

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՉ՝ ԴԵՊԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կանգնած ենք աննախադեպ և սարսափելի հանցագործության առաջ։

Արարատի մարզի Մխչյան բնակավայրի դպրոցում երկու 4-րդ դասարանցի երեխաներ կապկպվել են դպրոցի զուգարանում և ստիպողաբար թմրանյութ է լցվել նրանց քիթը, ինչի հետևանքով նրանք ձեռք են բերել թմրանյութային կախվածություն։ Այս դաժան և անմարդկային հանցագործության մեջ մեղադրվում են նույն դպրոցի ավագ դասարանների սովորողներ։

Սա պարզապես դպրոցական միջադեպ չէ։ Սա

մանկական անվտանգության կոպիտ խախտում է,

կազմակերպված և դիտավորությամբ իրականացված բռնություն, անչափահասների դեմ ուղղված սանձարձակ հանցագործություն։

Եվ սա տեղի է ունեցել պետական հանրակրթական հաստատության պատերի ներսում՝ ուսուցչական կազմի անփութության, անպատասխանատվության և վերահսկողության բացակայության պայմաններում։

Ո՞ւր էինք բոլորս, երբ մեր երեխաներին սպառնում էր թմրամոլություն՝ դպրոցի ներսում։

Դիմում ենք ձեզ՝ մանկավարժնե՛ր, դուք պատասխանատու եք երեխաների անվտանգ միջավայրի համար։ Ինչպե՞ս է հնարավոր, որ ձեր շենքում կատարվի նման ոճրագործություն։

Հոգեբաննե՛ր, երեխաները այժմ ծանր հոգեկան խանգարումների վտանգի տակ են։ Ո՞վ է գնահատելու և բուժելու նրանց հոգեկան վերքերը։

Ոստիկանությո՛ւն, սա անչափահասների դեմ կատարված ծանր հանցագործություն է։ Մենք ակնկալում ենք, որ

Քննչական մարմինները կանցկացնեն լիարժեք, օբյեկտիվ և թափանցիկ քննություն, կբացահայտվեն և օրենքի առաջ կկանգնեցվեն բոլոր մեղավորները՝ անկախ նրանց տարիքից կամ կարգավիճակից, կձեռնարկվեն օպերատիվ գործողություններ՝ վկայություններ հավաքելու, տեսանյութեր ուսումնասիրելու և կանխարգելման միջոցներ իրականացնելու համար։

Բժիշկնե՛ր, խոսե՛ք երեխաների օրգանիզմում թմրամիջոցների ազդեցության մասին՝ տեղեկացնելու և իրազեկելու հասարակությանը։

Եվ ո՛ղջ հասարակություն, սա մեկ ընտանիքի ցավը չէ, սա ողջ ազգի խարանն է, եթե լռենք։

ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

1. Անմիջական, թափանցիկ և հանրային քննություն՝ ծնողների, քաղաքացիական կառույցների և լրագրողների մասնակցությամբ։

2. Դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի պատասխանատուների ազատում՝ ծառայողական անփութության և երեխաների անվտանգության սպառնալիքի հիմքով։

3. Հանցագործներին՝ պատժի ենթարկում օրենքի ողջ խստությամբ՝ հաշվի առնելով մանկական կյանքի վտանգումը։

4. Տուժած երեխաների հոգեբանական և բժշկական անհապաղ անվճար աջակցություն՝ պետության և համայնքի միջոցով։

5. Համապետական ծրագիր՝ դպրոցներում թմրամիջոցների տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար։

Լռությունը հանցակցություն է։

Սա երեխաների անվտանգությունն է, սա մեր՝ որպես հասարակություն, պատիվն ու պատասխանատվությունն է։

Միավորվե՛ք մեր ձայնին՝ արդարության պահանջով, և թույլ մի՛ տվեք, որ այս ոճրագործությունը մոռացվի։ Մենք չենք լռելու»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more