▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի թուղթը ամոթից չի կարմրում...Էդվարդ Նալբանդյան

2017թ.-ի դիվանագիտական տարին ամփոփելիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են 5 անգամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեք անգամ են այս տարվա ընթացքում տարածաշրջան, ինչպես նաեւ` Ստեփանակերտ այցելել։

Ըստ նրա` անցած տարվա ընթացքում հակամարտության կարգավորման համար 14 հայտարարություն է ընդունվել, նաեւ նշվել է, որ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները պետք է հիմք ընդունել։ Բացի այդ, ՌԴ հետ բոլոր ուղղություններով հարաբերությունները ամրապնդվել են, ուշադրության կենտրոնում են եղել Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը, ՀԱՊԿ հետ համագործակցությունը ակտիվ շարունակվել է, հատկապես երբ գլխավոր քարտուղար նշանակվեց Յուրի Խաչատուրովը, ԵՏՄ հետ հարաբերությունները, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը շարունակվել է։ Նա հատուկ առանձնացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ` արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը, խորհրդանշական համարեց հայրենիք-Սփյուռք համագործակցությունը.

«Նաեւ` 7 երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել, 70-ից ավելի միջազգային պայմանագիր է կնքվել, արտերկրում ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի աջակցություն է ցուցաբերվել. 151 հազար քաղաքացի է սպասարկվել հյուպատոսական ծառայություններում։ Նաեւ` արտգործնախարարը 40 այց է կատարել, ունեցել 105 հանդիպում, իսկ դիվանագիտական 19 այց կատարվել է ՀՀ»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնված, համապարփակ համաձայնագրին` Էդվարդ Նալբանդյանը մասնավորեցվեց, որ այն լուրջ հանգրվան է մեզ համար. «Վավերացման գործընթացի վրա ենք մենք հիմա կենտրոնանում։ ՀՀ-ն  քայլեր է անում, որպեսզի մինչեւ ապրիլի վավերացնենք։ Մենք մեկ քայլ առաջ ենք արդեն։ Հուսով ենք առանց խոչընդոտների կվավերացվի այն նաեւ եվրոպական այլ երկրների կողմից։ Մինւ այդ, այս պայմանագիրը կսկսի ժամանակավոր գործել, որը կլինի կամ մայիսի, կամ հունիսի մեկից»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պնդումներին, թե բրյուսելյան համաձայնագրում ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքին է առաջնությունը տրվել, պարոն Նալբանդյանն ընդգծեց. «Ոչ, այս համաձայնագիրն ընդամենը վերահաստատեց այն դրույթները, որոնք կային Ռիգայի հռչակագրում։ ԵՄ-ն ընդամենն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի մոտեցումներին, որոնք հիմնված են միջազգային երեք հայտնի սկզբունքների վրա` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի ճանաչման»:

ՀՀ արտգործնախարարը խոսեց նաեւ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. «Ադրբեջանի կողմից այս թեման պարբերաբար եւ միտումնավոր շահարկվում է։ ՀՀ-ն անում է ամենը, որ հավասարակշռությունը պահպանվի` ներառյալ այն հարաբերությունները, որոնք ենթադրում են ՌԴ հետ մեր ռազմավարական համագործակցությունը, այն է` մատչելի գնով զենքի ձեռքբերումը։ ՌԴ-ն ստանձնել է ՀՀ անվտանգության պարտավորությունը, նաեւ` ժամանակակից զենքի տրամադրման առումով։ ՌԴ-ն նաեւ կարեւոր դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման առումով ու ոչ միայն այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ է նաեւ»:

Հարցին, թե ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորման առումով որ տարբերակին է առաջնությունը տրվում` փուլայի՞ն, թե՝ փաթեթային, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նման քննարկումները հատուկ էին 20 տարի առաջ. «Հիմա մոտեցումն այլ է. համանախագահները հայտարարել են, որ հակամարտության կարգավորումը այն սկզբունքների հիման վրա պետք է լուծվի, որոնք կողմերին ներկայացվել են։ Անգամ մեկ դրույթի չկատարումը անհնարին կդարձնի բանակցությունները։ Փաթեթայինի կիրառումը ենթադրում է փուլային լուծումներ»։

«Երևի թուղթը ամոթից չի կարմրում, դրա համար էլ այդ են գրում, սա նրանց երևակայությունն է»,- անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն է խուսափում ԼՂ  հակամարտության կարգավորման բանակցություններից, նշեց Էդվարդ Նալբանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more