▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի որոշ փողոցներ անվանափոխելու կոչով են հանդես եկել.սպասում են առաջարկների

Մի քանի երիտասարդներ Երևանի որոշ փողոցներ անվանափոխելու կոչով են հանդես եկել:

Նրանց խոսքով՝ մեր քաղաքում կան մի քանի փողոցներ, որոնց անվանումները ժամանակավրեպ են, կրում են կոմունիստական կուսակցության առաջնորդի կամ խորհրդային շրջանի օտարազգի քաղաքական գործիչների անվանումներ, ովքեր մեծ հաշվով ոչինչ չեն արել՝ արժանի լինելու այդ անվանումներին:

«Մենք ունենք թե նախկին, առավել ևս թե մերօրյա հայազգի հերոսներ, ովքեր առավել քան արժանի են դրան: Ուստի, պահանջում ենք, որ Երևանի այդ փողոցների խորհրդային անվանումները փոխարինվեն հայկական անուններով, և Հայաստանի Հանրապետության քառորդ դարը նշենք նոր ու հայ հերոսների անունները կրող փողոցներով»,-մանրամասնում են նրանք:

Նախաձեռնող խմբի անդամներից  Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գաղափարն առաջացել է 2 տարի առաջ.

«Երբ աշխատանքի էի գնում, տեսա  Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը և մտածեցի, որ այն կարող էր կոչվել մեր ժամանակների հերոսներից մեկի՝ Մոնթեի անունով: Դիմեցինք Քաղաքապետարանին, որտեղից էլ պատասխանեցին, որ այնտեղ բնակելի շենքեր չեն լինելու, իսկ իրենք կարևորում են, որ քաղաքացիների անձնագրում անպայման նշվի փողոցի անունը, ուստի նպատակահարմար չեն գտնում կյանքի կոչել այս գաղափարը»:

Շարունակելով վերջինին՝ նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Կարինե Փանոսյանն ասաց, որ բոլոր ոչ հայկական անունները պետք է փոխվեն և ոչ միայն Երևանում.

«Մենք առաջարկում ենք, որ մարդիկ ներկայացնեն փողոցների անունների իրենց տարբերակները, որից հետո քննարկում կկազմակերպենք պատմաբանների, ավագանու անդամների հետ»:

Խմբի անդամները նաև մեկ այլ նախաձեռնություն ունեն.ցանկանում են, որպեսզի պուրակները կոչվեն մերօրյա հերոսների անուններով, ովքեր ողջ են ու ապրում են մեր կողքին.

«Պուրակները նվիրված կլինեն այն հերոսներին, ովքեր այս պահին մեր խրախուսանքի կարիքն ունեն: 100 տարի սգի մեջ ապրող մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբեմունքը երկրի և մշակույթի նկատմամբ: Այդ պուրակներում կկազմակերպվեն նաև տոնախմբություններ»,-հայտնեց Կարինե Փանոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more