Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան:
Միշել Պլատինին Ռուբեն Հայրապետյանի հետ միասին այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, շրջել է ակադեմիայի տարածքով, հետևել Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող մանկապատանեկան թիմերի մարզումներին և ծանոթացել է նորակառույց մարզադաշտին: Պլատինին լուսանկարվել է պատանի ֆուտբոլիստների հետ և որպես հիշատակ՝ իր ստորագրությունն է թողել գնդակներից մեկի վրա: «Դուք արդեն հայտնի եք»,- պատանի ֆուտբոլիստներին ասաց Միշել Պլատինին:
Դրանից հետո Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Միշել Պլատինիի կարճատև բրիֆինգը լրագրողների հետ:
«Մենք կոնկրետ ծրագրով չենք եկել: Պարզապես Բուլղարիա մեկնելու ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան և հանդիպել իմ ընկերոջ`Ռուբեն Հայրապետյանի հետ»–բրիֆինգի ժամանակ ասել է Պլատինին:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հարցին Պլատինին կարճ է պատասխանել` ասելով, որ դա քաղաքական խնդիր է և ՈՒԵՖԱ-ն այդ հարցում անզոր է: