▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ բուժքույրն ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, զգացի՝ երեխաս մահացավ»․ «Մուրացան»-ում մահացած փոքրիկի մայր

Ինչպես հայտնել ենք մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխել է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականները ասել են. «Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն:

Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժշկուհի, պատասխանեց որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեցինք էստեղ, դիակը տվեցին: Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան: Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի: Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, որն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարողն եղել է երեխայի տատը, ով լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել:

 

***

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը պարզաբանում է տարածել՝ կախված 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի հետ․ «28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։
Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 45 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։
Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։
Նշենք, որ 28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն, ըստ մոր պատմածի՝ երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո՝ դեպքից 2 օր առաջ, երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է «Մուրացան» հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր՝ 3-ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։
Այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։
Պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝ Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է «Մուրացան» հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին:
Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:
Հիվանդանոցի բուժանձնակազմը խորապես ցավակցում է ընտանիքին երեխայի մահվան կապակցությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more