Երազ մեքենա վարող հայրենատեր երիտասարդի խոսքը. Տեսանյութը՝ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջից
«Մասիսն է սյունն Հայաստանի,
Ազգն հավաքող մագնիս է ձյունն Հայաստանի,
Բավ է, հայե´ր, ցրված մնաք, մատներիս պես,-
Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»:
Հովհ. Շիրազ
Այսօր հաճախ է հնչում հարցը՝ ինչո՞ւ չենք վստահում այս իշխանություններին։
Կարծում եմ՝ այս պահին երկրորդական է անգամ քննարկել պատճառները, քանզի արդեն ակնհայտ է՝ այս իշխանություններին վստահելը մեզ հասցրեց այս ծայրահեղ ծանր իրավիճակին, որում մենք հայտնվել ենք։
Չեմ թվարկի բոլոր բացասական հետևանքները, որոնք առաջացան կամ խորացան վերջին յոթ տարիների ընթացքում։ Դրանք շատ են, և բոլորը տեսանելի են։ Յուրաքանչյուր հայ՝ թե սփյուռքում, թե հայրենիքում, տեսնում ու զգում է այդ խնդիրները։
Բայց առանձնացնեմ մեկ առանցքային կետ՝
• պառակտումը։
Այս յոթ տարիների ընթացքում մենք բաժանվեցինք, կամ մեզ բաժանեցին խմբերի՝
արևմտամետներ,
արևելամետներ,
Եվրոպամետներ,
ռուսամետներ,
քոչարյանամետներ,
սերժամետներ,
լևոնանիկոլամետների,
նախկինների, ներկաների...
Իսկ ես, որպես հայ մարդ՝ և նախկին եմ, և ներկա, քանզի ապրել եմ նախկինում ու ապրում եմ ներկայում։
Ես հարգում եմ բոլոր ազգերին, բայց ես հայամետ եմ։
Միմյանց մեղադրելով՝ մոռացել ենք գլխավոր ճշմարտությունը՝ մեր ուժը մեր հավատքի և միասնության մեջ է։ Մեր բոլոր հաղթանակները կերտվել են հենց դրա շնորհիվ։
Լավ նորությունն այն է, որ, փառք Աստծո, ժողովրդի զգալի մասը արդեն գիտակցում է դա։ Մարդիկ հասկանում են, որ խաբված են, և որ մեր փրկությունը միայն մեր հավատքի ու միասնության մեջ է։
Ավելի լավ նորությունն այն է, որ այս գիտակցումն օր օրի աճում է՝ ձնագնդի նման։
Ու այդ աճին ամենաշատը նպաստում է հենց այս իշխանությունների վարած հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, հակահայկական քաղաքականությունը։ Վառ ապացույցը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերջին հայտարարությունները եկեղեցու դեմ։
Վերջին յոթ տարիներն ապացուցեցին՝ այս իշխանությունները կամ չեն ցանկանում, կամ ի վիճակի չեն դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Իսկ հաճախ՝ հենց իրենք են այդ խնդիրների ստեղծողն ու խորացնողը։
Երեք օր առաջ նշում էինք Սարդարապատի հերոսամարտի՝ Հայի հավատքի և միասնության հաղթանակի 107-ամյակը։
1918-ին՝ Ցեղասպանությունից վերապրած մեր ժողովուրդը, մոխիրներից հառնած, չկորցրեց հավատքը, միավորվեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ և հաղթեց։
Այսօր էլ՝ Արցախի բռնազավթման և ազգային վերքերի ցավը կրելով, Սարդարապատի խորհուրդը հիշեցնում է մեզ մի ճշմարտություն՝
Մենք կարող ենք հաղթել, երբ միավորված ենք։
Այս սրբազան ժառանգությունը մեզ է հանձնված, և մենք պարտավոր ենք ամրապնդել մեր պետականությունը, զորացնել հայրենիքը և լինել զգոն ու պատասխանատու մեր ազգային իրավունքների պաշտպանման գործում։
Խոնարհվելով բոլոր նահատակների հիշատակի առջև՝
կոչ եմ անում իմ բոլոր քույրերին ու եղբայրներին՝ թե հայրենիքում, թե սփյուռքում.
• Հավատալ սեփական ուժերին։
• Չվախենալ, այլ պատրաստվել նոր Սարդարապատների ու նոր հաղթանակների։
• Միավորվել համազգային նպատակի շուրջ։
• Չմեղադրել միմյանց։
• Եվ միասին կառուցենք արժանապատիվ, ամուր ու լուսավոր ապագա՝ մեզ, մեր հայրենիքի և գալիք սերունդների համար։
Թող մեր նախնիների սխրանքները ոգեշնչեն մեզ այս սրբազան պայքարում։
Թող փառավորվեն բոլոր նրանց հոգիները,
ովքեր իրենց կյանքի գնով պահեցին ու մեզ փոխանցեցին մեր սուրբ հայրենիքը, մեր հավատքն ու արժանապատվությունը, հայ մնալու պատիվը։
Կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանը։
Կեցցե՛ հայ ժողովուրդը՝ իր ազատության, արժանապատվության ու պետականության կերտողը։
Փառք մեր ամենակարող Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. Ամեն