▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ի հյուրատունը վաճառվել է ՀՀԿ-ական պատգամավորի հորը

azatutyun.am-ը գրում է. Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հավանություն է տվել համալսարանի հյուրերի տունը վաճառելու որոշմանը:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը, հոգաբարձուների խորհուրդը իր նիստում որոշել է գնալ այդ քայլին՝ ուսանողների ֆիզիկական դաստիարակության հարցերը լուծելու նպատակով:

Մաշտոցի պողոտայում, Մատենադարանի հարևանությամբ գտնվող համալսարանի 5 հարկանի շենքը որոշվել է վաճառել «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որը ինչպես պարոն Սիմոնյանը հաստատեց, պատկանում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի հորը՝ Ստանիսլավ Համաբարձումյանին:

Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք հանրապետական լինելու հանգամա՞նքն է դերակատարություն ունեցել գնորդի ընտրության հարցում, ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե իրենք սահմանված կարգով մրցույթ են անցկացրել, սակայն Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքը գնելու հայտ է ներկայացրել միայն այդ ընկերությունը: Իրենց համար էլ կարևոր է եղել, որ գումար տվող լինի:

Երևանի կենտրոնում գտնվող 5 հարկանի շենքը իր հարակից տարածքով վաճառվել է 2 միլիարդ 160 միլիոն դրամով՝ այսինքն մոտ 4 միլիոն դոլարով: Այս գումարով ռեկտորը խոստանում է վերակառուցել մարզադահլիճները, վոլեյբոլի և բասկետբոլի մարզադաշտերը, ինչպես նաև Դիլիջանի ուսանողական ճամբարը: Մի խոսքով ամեն ինչ արվում է հանուն ուսանողների:

Թե ինչ է լինելու հյուրատան տեղում, տեղյակ չեն ոչ ԵՊՀ-ի ռեկտորը և ոչ էլ հյուրատան տնօրեն Ռուդիկ Բաղդասարյանը: Բայց Հանրապետական կուսակցության անդամ տնօրենը համոզված է՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել:

«Եթե իրենք եկել են այդ համոզման, ուրեմն ինչ-որ բան մտածել են։ Գերակա շահը տրվել է ուսանողության, մատաղ սերնդի առողջության կոփման գործին»,- ասաց Բաղդասարյանը։

Արդարադատության նախարարության պետական ռեգիստրից տեղեկացանք, որ ԵՊՀ հյուրատան շենքը գնող «Էս Էռ Հոթել» ընկերությունը գրանցվել է վերջերս՝ այս տարվա մայիսին, 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով: 100 տոկոս սեփականատերը Ստանիսլավ Համբարձումյանն է: Թե ինչո՞վ է զբաղվում ընկերությունը, չի նշվում, թերևս կարելի է ենթադրություններ անել միայն անվանումից: Ընդ որում ԵՊՀ հյուրատունը ներառված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և սեփականատիրոջ ցանկությամբ կարող է քանդվել:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more