«Փաստինֆո»-ն գրում է. Արաբկիրի Հակոբ Հակոբյան փողոցում բացված հացի արտադրամասում ամիսներ շարունակ ոչ թե հաց են թխել, այլ՝ շահումով խաղեր խաղացել: Հացի արտադրամասի տերը` անհատ ձեռներեց Ա.Պետրոսյանը, ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգումի տվյալների, հացի արտադրամասը հիմնել է 2015թ-ի փետրվարի 3-ին: Բայց, հավանաբար, հասկանալով, որ հացի արտադրությունը մեծ եկամուտներ չի ապահովում, մայիս ամսվանից սկսած իր արտադրամասի նկուղային հարկում սկսել է «Պոկեր»-ի խաղեր կազմակերպել` բնականաբար` անօրինական: Սա արդեն իրավապահներն են պարզել, որոնք ոչ միայն բացահայտել են ընդհատակյա կազինոն, այլև՝ դրա տիրոջ նկատմամբ քրեական գործ հարուցել: Ի դեպ, «Պոկեր»-ի ապօրինի բիզնեսմենն իր 4-5 ամսվա ապօրինի գործունեությունից անհավատալի մեծ շահույթ է ստացել: Մեր տեղեկություններով՝ խոսքը ավելի քան 4 մլրդ դրամի մասին է: