Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵՄ նախագահող երկրում՝ Էստոնիայում, օրերս մասնակցել է քաղաքացիական մեծ ֆորումի ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ հարց է ուղղել ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննին ու պատասխանով փարատել բոլոր կասկածները:
«Նրան հարց ուղղեցի՝ ներառելով ՀՀ-ում շրջանառվող մի շարք տարբերակներ.այն, որ ԵՄ-ն տեխնիկապես պատրաստ չէ ստորագրել համաձայնագիրը, քանի որ կա լեզուների թարգմանության խնդիր, կամ այն, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել, Ռուսաստանը՝ նույնպես: Պարոն Հաննը պատասխանեց, որ Եվրամիությունը պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագիրը՝ Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում(նոյեմբերի24): Նրա խոսքով՝ այն ուղղված չէ երրորդ պետության դեմ, ավելին՝ այս համագործակցության վրա չեն կարող ազդել երրորդ երկրները: ԵՄ հանձնակատարը հետաքրքիր մի միտք էլ ասաց.Հայաստանը կլինի առաջին երկիրը Արևելյան գործընկերությունում, որը լինելով ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ Եվրոպայի հետ լուրջ պայմանագիր կկնքի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է համաձայանգրին, ապա Ստեփան Գրիգորյանը հիացած է.
«Ձևավորված է փոխլրացման սկզբունքով: ԵԱՏՄ-ի շրջանակներում նույնիսկ պլան չկա հին գործարանները վերագործարկելու մասին, իսկ այստեղ կա: Հստակ գրված է, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին՝ վերագործարկել գործարանները: Զբաղվելու են նաև տուրիզմի զարգացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով»,-նկատեց քաղաքագետը:
Անի Կարապետյան