Դարերով ամրագրված ավանդույթի համաձայն՝ մեր եկեղեցու Սուրբ ավազանում կարող են մկրտվել հայեր, հայերի հետ ամուսնացած օտարազգիներ, այլադավաններ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը:
Ապա, անդրադառնալով Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու համար Արևմտյան Հայաստանից ժամանած 3 անձանց, որոնց հրաժարվել էին կնքել ՀՀ եկեղեցիներում՝ նկատեց.
«Նրանց պարզապես խորհուրդ է տրվել և մատնանշվել է ճիշտ ճանապարհը, այն է՝ անցնել նախապատրաստական ուսուցողական շրջանը, հստակեցվի նրանց հայ լինելը: Յուրաքանչյուր ոք պետք է իմանա այն սկզբունքների մասին, որ ուսուցանում է եկեղեցին: Իսլամացած հայերի հարցը զգացական հողի վրա չպետք է դիտարկել, խնդրին ավելի զգուշավոր ենք մոտենում: Հիմա, օրինակ, բազմաթիվ իրանցիներ դիմում են՝ ասելով, որ ցանկանում են մկրտվել Հայոց եկեղեցում, բայց իրենց հիմնական փափագը Սուրբ մկրտության վկայական ձեռք բերելն է, քանի որ, երբ ասում ենք, որ կմկրտենք, բայց վկայական չենք տա, նրանք հրաժարվում են: Իսկ այդ վկայականը նրանց համար դուռ է բացում Եվրոպա, ԱՄՆ գնալու համար:
Թուրքիայում ապրող հայերը բացի անձնագրերից ունեն ներքին օգտագործման նույնականացման քարտեր՝ տղամարդկանց դեպքում կապույտ, կանանց դեպքում՝ վարդագույն, որտեղ նշվում է մարդու կրոնական պատկանելությունը: Իսկ նրանց մկրտելու համար պետք է նշվի, որ քրիստոնյա են, ուստի շատերը կան, որ չեն ցանկանում: Սա նաև կարևոր է թուրքահայ համայնքի համար, որովհետև ի վերջո, համայնքը պետք է իմանա իր անդամների քանակը»:
Asekose.am-ի հարցին, որ եկեղեցին(թե՛ Հայաստանի, թե՛ Կ.Պոլսի պատրիարքարանը) նաև ինքնությունն ապացուցող փաստաթղթեր է պահանջում, իսկ այն ենթադրում է արխիվներ գնալ, փնտրել-գտնել, արդյո՞ք սա լրացուցիչ բարդություն չէ, պատասխանեց, որ սա Կ.Պոլսի պատրիարքության գործառույթն է.
«Իրենք իրենց օղակների միջոցով պետք է ճշտեն, որովհետև մենք մտավախություն ունենք, որ այս մկրտությունների քողի ներքո բազմաթիվ թուրքեր ձևականորեն կարող են մկրտվել, ինչը համայնքում խնդիրներ է ստեղծելու, հետևաբար իսլամացած կամ ծպտյալ հայերի հարցում եկեղեցին իրավունք ունի նման զգուշավորություն ցուցաբերել»:
Մյուս հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Կ.Պոլսում մկրտության համար մոտ 2000 դոլարի չափով գումար են պահանջում, պատասխանեց.
«Իսկ դուք հավատո՞ւմ եք այդ տեղեկություններին: Հնարավոր չէ նման բան: Մենք ուսումնասիրել ենք այդ հարցը»:
Անի Կարապետյան