ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը:
«Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի է ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցված առաջընթացով եւ մեզ համար շատ կարեւոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին էլ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում», - «Ամերիկայի ձայնին» ասել է Դեսիր:
Նա նշել է, որ այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաև առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար:
«Մենք անդրադարձել էինք նաեւ առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն եւ փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում եւ պետք է պաշտպանված մնա»:
Նոյեմբերին Հարլեմ Դեսիրը նախատեսում է կրկին Հայաստան այցելել՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրեր քննարկելու համար:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ-ն 19 կետով բարելավել է իր դիրքը խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: