ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ամփոփել է հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում կայացած ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության կատարած աշխատանքը ոը ևս մեկ անգամ ներկայացրել է ադրբեջանական պատվիրակությանն ուղղված պատասխանները:
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով միայն տարածքային ամբողջականության խնդիրը: Ադրբեջանցի պատգամավորը կասկածի տակ է առել նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց գոյությունը: Կոնջորյանը պատասխան ելույթով է հանդես եկել՝ հիշեցնելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, որի անբաժանելի մասն են կազմում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը:
Կոնջորյանն իր ելույթում խոսել է նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մասին, որը կացնահարել էր ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը Մարգարյանին կացնահարել էր, երբ վերջինս քնած էր եղել: Կոնջորյանի խոսքով՝ պատվիրակներից շատերը դեպքի մասին տեղյակ չէին:
«Մի շարք առանցքային երկրների ներկայացուցիչներ մոտեցան ինձ, իրենց գոհունակությունը հայտնեցին ու սկսեցին ճշտումներ անել, թե ով է Սաֆարովը: Մարդիկ նույնիսկ տեղյակ չէին, որ Ադրբեջանում իշխանությունը տասնամյակներով չի փոխվում: Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ ասում էին, թե ինչու եք մեր ներքին խնդիրները քննարկում այս պլատֆորմում»,- ասել է Կոնջորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում