«Դուք ո՛չ տնտեսագետ եք, ո՛չ ֆինանսիստ, ի՞նչ կապ ունեք Կենտրոնական բանկի հետ, ո՞րն է ձեր ներդրումը այս կառույցում»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսպես դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ նշելով, թե չի վերհիշում, թե ինչ ձեռքբերում է ունեցել Կենտրոնական բանկը, երբ այն նախագահել է Արթուր Ջավադյանը: Վերջինս,սակայն, օրինակներ բերեց գնաճի կայունության, տնտեսական աճի ցուցանիշների, 2008 և 2014թթ. ֆինանսական ճգնաժամերի հաղթահարման վերաբերյալ և հավելեց, որ այդ ամենին հասել են Կենտրոնական բանկի թիմի պրոֆեսիոնալ լինելու շնորհիվ: «Մեր համակարգը այնքան պինդ ու հուսալի էր, որ դիմացավ այդ ճգնաժամերին, իսկ աշխարհի բավականին լուրջ բանկեր ու կառույցներ չդիմացան դրան»,- ընդգծել է Արթուր Ջավադյանը:
Ինչ վերաբերում է մասնագիտությամբ տնտեսագետ չլինելուն, ապա Ջավադյանն ընդգծել է, որ այնպես չէ, որ ֆինանսներից պատկերացում չունի, դասընթացներ ունեցել է: Իսկ մինչև Կենտրոնական բանկ գալը, Հայաստանի առևտրային բանկի ղեկավար է եղել: ԿԲ նախագահի պատասխանը չի գոհացրել Արմեն Եղիազարյանին և նա պահանջել է Ջավադյանից մատնանշել այնպիսի բան, որը կարելի է վերագրել անձամբ նրան: «Որևէ ընդհանրություն Ձեր և Կենտրոնական բանկի միջև չեմ տեսնում: Կարծում եմ, դուք պետք է հեռանաք այս պաշտոնից»,- շեշտել է Արմեն Եղիազարյանը:
Մանրամասնը՝ տեսանյութում: