Թարմացված․ Ինչպես հայտնել էինք այսօր Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի երրորդ հարկի պատուհանից երեխա էր ընկել, ով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա առողջական վիճակն այս պահին կայուն է: Տեղեկությունը «Ֆակտոր»-ին հայտնել է դպրոցի նախկին տնօրեն, այժմ վարչատնտեսական հարցերի համակարգող Լիլիթ Վարդանյանը: «Երեխայի ոտքն է կոտրված, ճակատային հատվածը՝ վնասված: Պատուհանից թռել է, ոտքերի վրա իջել ու ընկել: Գիտակցության անկում չի եղել, ամբողջ ժամանակ ասել է՝ կներեք, ես չհասկացա, ես պիտի չանեի»,- ասել է նա: |
***
Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից ընկել է: Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: |