▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք փնթի ու թույլ օղակ եք. ինչպե՞ս են «որոշել» «Թույլ օղակի» հաղթողին, մասնակիցը սկանդալային մանրամասներ է հայտնել Հ1-ի նախագծի նկարահանումներից

Դուք փնթի ու թույլ օղակ եք։ Կարծում եմ ` Հ1֊ը, պետք է շատ լուրջ մտածի ռեպուտացիոն ռիսկերի մասին։

Ֆեյսբուքի էջում գրել է Հանրայինով հեռարձակվող «Թույլ օղակ» ինտելեկտուալ նախագծի 27-րդ թողարկման մասնակից Դավիթ Վարդազարյանը և սկանդալային մանրամասներ է հայտնել նկարահանման ընթացքի ու մասնավորապես հաղթողին որոշելու ձևի մասին։

Նա, մասնավորապես, գրել է, որ խաղի նկարահանման սկզբում իրեն թվացել է, որ մրցակիցը, որը ապագա հաղթողն էր դառնալու, արժանի է։

«Բայց դա մինչ այն պահն էր, երբ ապագա հաղթողի սխալ պատասխանից հետո նկարահանման բուն հարթակ դուրս եկավ հաղորդման պրոդյուսերն ու ասաց, որ հիմա նորից ենք նկարահանում այդ կտորը ու այդ մասնակիցն այս անգամ ճիշտ կպատասխանի։

Ասացի, որ առարկում եմ։ Պրոդյուսերը, ու թիմից էլի մարդիկ, թե բա․ «ինքը վատ է լսել հարցը...»  (թե դա որտեղից գիտեին ու ոնց` թողնում եմ իրենց խղճին)...

Առաջին բնական ռեակցիաս այդ ֆարսը իմ մասնակցությամբ, իմ հեղինակությամբ չփրկելն էր` հեռանալու եղանակով։

Բայց միաժամանակ վրա տվեցին զգուշացումները, որ արվել էին թե նախնական զանգերի ժամանակ, թե այդ օրը նկարահանումից առաջ, որ պարտաճանաչ լինենք, խոչընդոտներ չստեղծենք մասնակիցներս, քանի որ, ինչպես ասվել էր, հաղորդման վրա 100֊ից ավելի մարդ է աշխատում, ու մեր քայլերով մենք իրենց փաստի առաջ կարող ենք կանգնեցնել»,- գրել է Դավիթը։

Սակայն սկանդալը սրանով չի ավարտվում, Վարդազարյանը գրում է, որ մոնտաժվել է իր եզրափակիչ խոսքի կարևոր հատվածը, որում ինքը գնահատական է տվել կատարվածին։

«Մասնակցի  «ավարտական բացիկում» ասացի, բառացիորեն, որ «փորձառությունը տպավորիչ էր, բայց ունեի առարկություններ, որոնք հայտնել եմ տեղում...»

Խոսելուց առաջ էլ հատուկ հարցրեցի` արդյոք «կտրելո՞ւ են» ։ Հավատացրին, որ նման բան չի նախատեսվում։  Երբ մի 2 ամիս անց հաղորդումը դուրս եկավ, տեսա, որ իմ «ավարտական խոսքից» թողել են միայն «տպավորիչ էր»֊ը»։

Դավիթը զանգահարել է հաղորդման կազմակերպիչներին, խնդրել, որ պորոդյուսերը զանգահարի ու պարզաբանումներ տա, սակայն առայժմ զանգ չի ստացել։

«Ես, իհարկե, պատրանքներ չունեմ մեր TV-ներից, հատկապես Հ1֊ից։ Չէի ուզի որևէ մեկի աշխարհը շուռ գա` «թույն» պրոդյուսերների թեթև հրահանգներով, բայց մյուս կողմից էլ, այսքանից հետո, կարող ես գոնե զգուշացնես հաջորդ, գալիք պոտենցիալ մասնակիցներին, թե իրականում տեղում ինչ մարտահրավերների կարող են բախվել ու իրենք, նաև քո փորձից ելնելով, արդեն նախապես կիմանան իրենց անելիքը։

Սա կարող էր կոչվել no business like show business, բայց սա կոչվում է`  «էս ինչ կեղտոտ պադյեզդ ա»»,- գրել է Վարդազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more