Այս տարի լրանում է Բյուրականի Աստղադիտարանի 70-ամյակը: Այն հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են`աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։
«Ցանկացած գիտական հիմնարկ բացի նրանից, որ ստեղծում է հիմնարար, կիրառական գիտություն, պետք է ունենա խողովակներ, և հասարակությանը եթե ոչ խորությամբ, ապա գոնե ներկայացնի նպատակն ու արդյունքները: Այս առումով աստղագիտությանը շահեկան վիճակում է, եթե օրինակ համեմատենք մաթեմատիկայի հետ, որովհետև այն գրավիչ է, մարդկանց մեծ մասը սիրում է նայել երկնքին: Արդեն Աստղադիտարանի 70-ամյակն է ու կարելի է ասել, ավելի բարենպաստ վիճակում ենք՝ հնարավորությունների առումով: Մենք այս ընթացքում վերանորոգեցինք տարածաշրջանում խոշորագույն 2.6մ դիտակը: Հայելին արդեն թափանցիկ էր դարձել: Իսկ բոլոր մասերը 60-70-ական թվականների էին ու կարելի էր միայն թանգարաններում դիտել: Այս ամենը հանգեցում էր դիտակի շահագործման շատ ծանր պայմանների: Փոխվել է նաև դիտակի կառավարման համակարգը՝ անալոգայինից թվայինի: Հնարավորություն ունեցանք նաև դիտակի համար պատվիրել ժամանակակից ընդունիչ սարք, որը մեկ շաբաթ անց արդեն Բյուրականում կլինի: Այն էապես փոխելու է դիտողական հնարավորությունները: Կարողացանք վերականգնել նաև 1մ Շմիդտի աստղադիտակը, որը 90-ական թվականներից արդեն չէր աշխատում»,-այսօր՝ Աստղադիտարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնօրեն Հայկ Հարությունյանը:
Ի դեպ, ասուլիսն անց էր կացվում աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում և աստղագետ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միաքայելյանի վստահեցմամբ՝ Աստղադիտարանի աշխատակազմի որոշմամբ այն ոչ մի տնօրեն չի զբաղեցնելու.
«Միայն հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում: Աշխատասենյակը պահպանվել է այն նույն վիճակով, ինչպես եղել է Վ.Համբարձումյանի աշխատելու տարիներին: Կարելի է ասել, որ 99 տոկոսով ամեն ինչ նույնն է»,-նշեց Արեգ Միքայելյանը:
Անի Կարապետյան
Կարդացե՛ք նաև Թե ինչպես Խրուշչովը Բյուրականում մասնակցեց աստղադիտակի բացման արարողությանը: