ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երեւանի ավագանիում՝ ի դեմս Երեւանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Այս մասին հայտարարություն է տարածել Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհուրդը։
Դեկտեմբերի 17-ին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա եւ ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երեւանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության եւ ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից եւ դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետեւեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում աշխատանքային պրոցեսի մաս: Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ եւ այն, որ ԼՈւՅՍ դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, եւ յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլեւս պատասխանատվության շրջանակը հստակեցված է:
«Լույս» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների եւ քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը եւ այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երեւանի բնակիչների լավագույն շահերի։