Ինչու է մարդուն ծեծի ենթարկած թաղապետն ազատության մեջ մնում, իսկ գնահատանք կամ վիրավորանք հնչեցրած Սամվել Վարդանյանն ու Լիլիթ Աղեկյանը կալանավորվում են. Աննա Գրիգորյանը խոսեց երկակի ստանդարտներից և հարց ուղղեց ՔԿ նախագահին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ–ում ասաց, որ Նոր Նորքի վարչական ղեկավարի արարքը, նրան մեղսագրվող հոդված ծանր հանցանք չեն համարվում, դրա համար նա ազատության մեջ է, խոսեց Լիլիթ Աղեկյանը գործի մասին` նշելով, որ բազմաթիվ վարույթներով խափանման այլ միջոցներ են կիրառվել, բայց հետո հարկ է եղել կալանք կիրառել, ու այդպես էլ չանդրադարձավ նախկին ՔՊ–ական պատգամավորին վիրավորած և ոստիկանների կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանի գործին։
***
«Այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձեն անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ «Կանգ առնելու կոչ եմ ձեզ անում։ Այն, ինչ տեղի ունեցավ օրերս Նոր Նորքի թաղապետարանում, այստեղ նստած իշխանական պատգամավորներից որևէ մեկը այդ համարձակությունը, այդ քաղաքական համարձակությունը չունեցավ այդ բեռն իր ուսերին դնելու ու պաշտպանելու թաղապետին, բայց դուք՝ լինելով Քննչական կոմիտեի ղեկավար, այդ բեռը, այդ պատասխանատվությունը վերցրեցիք ձեր ուսերին․․․քիչ ա մնում հավակնեք Արամ Զավենի «Հանրապետություն» կուսակցության խոսնակի պաշտոնին»,- ասաց նա։ *** |
«Ի վերջո, ի՞նչ եղավ այդ մեկ տոննա կոկաինի գործը»,- հարցն ուղղելով ՔԿ նախագահ Արթուր Պաղոսյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Իշխանական պատգամավորներն ընդդիմության վրա մուննաթ են գալիս, ասում են՝ ո՞նց ա Միհրան Պողոսյանը 1 տոննա կոկաին անցկացրել Հայաստան։ Հիմա ես եմ ձեր վրա մուննաթ գալիս, ո՞նց է ստացվել, որ նախկին իշխանական ներկայացուցիչը, որը գտնվում է հետախուզման մեջ, 1 տոննա կոկաին է անցկացնում ՀՀ։ Բա ձեզնից ի՞նչ իշխանություն։ Մաքսայինի որևէ պաշտոնյա անցնո՞ւմ է այդ գործով, չի անցնում, որևէ մեկը կալանքի տակ չի գտնվում այդ գործով։ Մինչդեռ լրագրող Լիլիթ Աղեկյանին, դատավորին կոռուպցիոներ ասելու համար, կալանավորել են։ Սա է ձեր իշխանությունը»,- նշեց Խամոյանը։ |
***
«Ինչպես գիտեք, պատերազմում են ոչ միայն բանակները, այլև՝ պետությունները, և պետության ռազմաքաղաքական ղեկավարության ճիշտ կառավարումից է կախած, թե ինչպիսի հաջողություն պետությունը կարող է ունենալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին․ «44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական գործերի քանի՞ տոկոսն են վերաբերվում բանակին և տարբեր ոլորտներին։ Ի՞նչ է արվել պատերազմից առաջ և պատերազմից հետո, բացի բանակից, քաղաքական ղեկավարության գործությանը գնահատական տալու առումով»։ Արթուր Պողոսյանը հայտնեց, որ վարույթները բաժանել են մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրատիճան սպաներից, որոնք ղեկավարել են ուղղությունները, վերջացրած զինվորներով․ «Պատերազմի արդյունքի վրա ազդել են առանձին վերցրած դավաճանության դեպքեր, որոնք մենք արդեն ուղարկել ենք դատարան։ Դեռ պետք է գնահատենք, թե որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա՝ հետևանքի առումով»։ Սեյրան Օհանյանը պարզաբանեց իր հարցի էությունը՝ նշելով, որ բացի բանակից, իշխանության բոլոր թևերը պատասխանատու էին պատերազմի արդյունքի համար․ «Էս պետությունը ղեկավար ունի՞, թե՝ չէ, էդ ղեկավարությունը իր դերակատարությունն ունեցե՞լ է ռազմաքաղաքական որոշումների, բանակին տեր կանգնելու, մոբիլիզացիա անելու համար։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը որևէ մի գործով հարցաքննվե՞լ է, թե՞ չէ»,- հարցրեց նա։ Վերջին հարցին Պողոսյանն ուղիղ պատասխան չտվեց։ *** |
«Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը գահավիժեց։ Մեր բոլոր անհաջողությունները սկսվեցին դրանից հետո, եղավ Մարտի 1, քառօրյա և 44-օրյա պատերազմներ, նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած գործողություններ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի դեմ կատարվածը Հոկտեմբերի 27-ի նույն բովանդակությունն ուներ։ «Այդ գործողության մեջ ներգրավված էին խմբեր, որոնք գոյություն ունեին նաև Մարտի 1-ին։ Հոկտեմբերի 27-ից հետո իշխանությունը գտավ այն ուժը, որով պետք է իշխանություն պահեր, ընտրություն կեղծեր, այդ ուժը թաղի խուժանն էր։ Այդ խմբերն ունեին պարագլուխներ, հիմա էլ շատ կենսունակ են։ Եվ եթե նոյեմբերի 9-ին հաջողվեր գտնել Նիկոլ Փաշինյանին, այն նույն նպատակը, որ դրված էր Արարատ Միրզոյանին այդպես հոշոտելու մեջ, ավելի դաժան կլիներ հանրապետության վարչապետի նկատմամբ և կլիներ հերթական Հոկտեմբերի 27»,- ասաց Քոչարյանը։ Դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց Հոկտեմբերի 27-ի գործով զբաղվող քննչական խմբին՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, որպես խորհրդատու կանչել և օր առաջ գործը բացահայտել։ |
***
«Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը»,- իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ արդարացվում են ոստիկանության կողմից խոշտանգումները, մարդկանց ծեծի ենթարկելը: «Գործեր չեն հարուցվում, կամ ձևական են հարուցվում՝ խոշտանգման հատկանիշներով և ոչ մի ընթացք չեն ունենում։ Օրինակ, քանի՞ ոստիկան է ենթարկվել պատասխանատվության, հեռացվել աշխատանքից՝ քաղաքացուն խոշտանգելու համար»,- խոսքն ուղղելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հարցրեց Քոչարյանը։ Պողոսյանի պատասխանն ակնկալվում է նրա եզրափակիչ ելույթի ժամանակ: |