▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը վերացրեց արգելքը. Սամվել Բաբայանը կտեսակցի մերձավոր ազգականների հետ

Փաստինֆո-ն գրում է.«Իգլայի» գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացվեց:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, քիչ առաջ բավարարեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը՝ Բաբայանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու վերաբերյալ:

Դատարանը վերացրեց Բաբայանի մերձավոր ազգականների տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:

Միևնույն ժամանակ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի պաշտպանի մյուս երկու միջնորդությունները՝ մասնավորապես, 2017թ. մարտի 31-ին որոշմամբ Բաբայանի գույքի վրա դրված կալանքի վերացման վերաբերյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու կամ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Դատարանը փաստեց՝ դեռևս բարձր են ռիսկերը, որ ամբաստանյալը, հայտնվելով անազատության մեջ, կարող է հավանական ազդեցություն ունենալ դատաքննությամբ դեռևս չհարցաքննված անձանց վրա: Ամբաստանյալին վերագրված արարքների ծանրությունը հաշվի առնելով՝ դատարանը փաստեց նաև, որ պահպանվում է նաև քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու վտանգը:

Ինչ վերաբերում է գրավի կիրառմանը, ապա դատարանը փաստեց, որ միջնորդությունը բավարարելու համար պաշտպանի ներկայացրած փաստարկները բավարար չեն, և որ ամբաստանյալի նկատմամաբ խափանման միջոցի փոփոխելու և գրավ կիրառելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, կներկայանա դատարան և չի խոչընդոտի դատաքննությանը: Դատարանը նաև փաստեց, որ ամբաստանյալի պատշաճ վարքագիծ հնարավոր է ապահովել՝ կալանավորումը պահպանելու պարագայում:

Դատական նիստը վերսկսվելուց հետո հայտնի դարձավ, որ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, բժշկի կողմից զննվելուց հետո ամբաստանյալը կրկին դահլիճում էր և պնդեց, որ իրեն պաշտպան անհրաժեշտ չէ:

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին. կհարցաքննվեն վկաներ:

Նշենք, որ Սամվել Բաբայանը դատարանում հարցադրեց  թե ինչո՞ւ չի հրապարակվում այն անձի անունը, որը «Իգլան» տեղափոխել է Հայաստան եւ հանձնել իրենց։ Նրա հարցադրումն անարձագանք մնաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more