PastInfo-ն գրում է. Եթե Պերմյակովի գործով արտագնա նիստերը շարունակվելու են, ապա գոնե նվազագույնս պետք է բավարար լինեն աշխատանքային պայմանները: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության գործով առաջին դատական նիստից հետո այս մասին մեր լրագրողի հետ զրույցում նշեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա, մասնավորապես, ընդգծեց, որ ինքն իր վստահորդի հետ յուրաքանչյուր պահի փաստաբանական գաղտնիք հանդիսացող հարցեր է քննարկում, և յուրաքանչյուր անձ դահլիճից հնարավորություն ունի տեսնել, թե ներկայացուցիչն իր վստահորդի հետ ինչ են քննարկում, ինչ գործողություններ են իրականացնում:
Մ.Պողոսյանը ցանկություն հայտնեց, որ այսուհետ դատական պրոցեսի հետ կապված, մասնավորապես, դատարանի կաշկանդվածությունը վերանա, որպեսզի դատարանը ողջամիտ որոշումներ կայացնի:
Միհրան Պողոսյանը նշեց, որ ողջամիտ էր դատարանի այսօրվա որոշումը դատական նիստը հետաձգելու մասին՝ դատարանն այդպիսով բավարարեց գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին Պերմյակովի նոր ներգրավված պաշտպանի միջնորդությունը: «Բոլորս էլ գիտակցում էինք, որ հիմնավոր միջնորդություն է, և պաշտպանության իրավունքը չպետք է խախտվի, դատական նիստը հետաձգվելու է, սակայն դատարանը այդ ընթացքում որոշակի գործողություններ կարող էր իրականացնել, որպեսզի հաջորդ դատական նիստում խնդիրներ չլինեն»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ պարզաբանելով, որ դատարանը հնարավորություն չտվեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցին այս նիստում անգամ հրապարակել դատական նիստի պայմանների հետ կապված իր միջնորդությունը: Եթե դատարանը հաջորդ դատական նիստում վերջիվերջո որոշի տվյալ միջնորդությունը բավարարել, նիստը կրկին հետաձգվելու է, որպեսզի միջնորդությամբ նշված պայմաններն ապահովվեն, իսկ եթե այս նիստին բավարարվեր, կամ գոնե քննարկվեր այդ միջնորդությունը, այլևս նիստը հետաձգելու անհրաժեշտություն չէր լինի:
Դատարանը կարող էր որոշում կայացնել հարցումով դիմել Քննչական կոմիտեին՝ ռուսական կողմից պահանջել Պերմյակովի սատանիստ լինելու մասին նյութերը կամ որոշակի գործողություններ իրականացնել դատական նիստի ժամանակ Պերմյակովի համածառայակիցներին նրա կողքից հեռացնելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ նույնպես միջնորդել էր տուժող կողմը: «Բոլոր այդ միջնորդությունները միտված են նորմալ դատական պրոցես ստանալուն»,- ասաց Մ.Պողոսյանը:
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը շատ կարևորեց ամբաստանյալի սատանիստ լինելու՝ սպանությունների դրդապատճառի վերաբերյալ հանգամանքների պարզումը: Կարևոր է, որպեսզի և՛ պաշտպանության կողմը, և՛ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները լրիվ տիրապետեն այդ հարցով ռուսական կողմի իրականացրած քննությանը, որպեսզի ըստ այդմ կառուցեն հետագայում վկաների, նույն Պերմյակովի հարցաքննության հետ կապված իրենց մարտավարությունը: «Եթե իրականում քննություն իրականացվել է և տվյալ հանգամանքը հերքվել է, մենք դա որպես ի գիտություն կընդունենք: Եթե քննություն չի իրականացվել, պետք է քննություն իրականացվի: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ չունենալով տվյալ նյութերը, չենք կարողանում որոշակի եզրահանգման գալ: Այդ իսկ պատճառով, ըստ մեզ, եթե տվյալ համագամանքը առկա է, լրիվ իրական դրդապատճառ է սատանիստ լինելուց դրդված տվյալ հանցագործությունը, մասնավորապես, մանկահասակ երեխաների սպանությունն իրականացնելը:
Պերմյակովի կողքից ռուս զինծառայողների հեռացնելու միջնորդությունը նույնպես լիովին հիմնավորված էր՝ Հայաստանի Հանրապետությունում դատական նիստի կարգ և կանոնն ապահովում է Դատական դեպարտամենտի ենթակառուցվածքում գործող դատական կարգադրիչների կառույցը: «Տվյալ պարագայում պատճառաբանություն չկա, թե ինչու են ռուս զինծառայողները գտնվում դատական նիստերի դահլիճում և ինչ լիազորություններ նրանք ունեն: Ես գտնում եմ, այս առումով տեղին էր այս միջնորդությունը, սակայն դատարանը որևէ կերպ չհիմնավորեց միջնորդությունը մերժելու իր որոշումը»: Մ.Պողոսյանը նկատեց, որ բացի դատավարության մասնակիցներից դահլիճում գտնվող որևէ անձ իրավունք չունի տեղ զբաղեցնել դահլիճի այդ մասում, ինչու է նրանց համար այդ բացառությունն արվում՝ կամ նրանք որոշակի գործառույթներով են օժտված, որը դատարանը պետք է բացահայտի դատավարության մասնակիցների համար, կամ նրանք իրավունք չունեն գտնվել դատական նիստերի դահլիճի այդ մասում: Փաստաբանը նաև տեսակետ հայտնեց, որ հետագայում Պերմյակովի հարցաքննության ժամանակ նրա համածառայակիցների մերձավոր ներկայությունը կարող է կաշկանդել Պերմյակովին հանցագործության հանգամանքների շուրջ ցուցմունք տալ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում