Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի՝ Երեւանում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոյին։ «Կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016թ. հունվարի 30-ը։ Դատավորի վճռով Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015թ. օգոստոսի 12-ին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, հունվարի 12-ին սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Վիրավորված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը դեպքից մեկ շաբաթ անց վախճանվել էր հիվանդանոցում։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածում են ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա ձերբակալվել է, խոստավանել մեղքը, իսկ գործի հետաքննությունը վարում էին ռուսական իրավապահները՝ հայ գործընկերների հետ համագործակցությամբ: