▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական դեպարտամենտի հայտարարությունը՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի դատական նիստի վերաբերյալ

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործն ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով 2015 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած արտագնա դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2016 թվականի հունվարի 18-ին ժամը 12:00-ին:
 
Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արտագնա դատական նիստը տեղի կունենա ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում (հասցե`ք. Գյումրի, Մեծ Բերդ): Նշված վայրը հասանելի է տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև այդ ուղղությամբ գործում են հանրային տրանսպորտի միջոցներ:
 
Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է:
 
Դատական նիստին ներկա գտնվելու համար անձը՝
 
1. ՌԴ ռազմակայանի տարածք մուտք գործելիս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը՝ նաև մասնագիտական գործունեությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
2. ՌԴ ռազմակայանի տարածք, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս ենթարկվում է զննման: Եթե հայտնաբերվեն իրեր, որոնց առկայությունը դատական նիստերի դահլիճում կարող է խախտել հասարակական կարգը կամ սպառնալիք ստեղծել դատավարությանը ներկա անձանց անվտանգության համար, ապա դրանք վերցվում և պահվում են այդ նպատակով նախատեսված վայրում:
 
Դատական նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ՀՀ դատական կարգադրիչների ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից:
 
Դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել են նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար: Նշված վրաններում տեղադրված են հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more