▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարավոր ստրկության հետևանքով լերդացած արյունը միայն արյան փոխներարկման միջոցով կմաքրվի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հայրենաբնակ հայության բոլոր արատները ժառանգված են ռուսական կայսրության ստրկությունից: Դրանցով են ծնվել մեծացել ու «դաստիարակվել» սերունդներ և ժառանգաբար դրանք փոխանցվել են գալիք սերունդներին: Մեր բոլոր ճիգերը փոխելու մեր խեղված կյանքը ձախողվում են հենց այդ արատների պատճառով: Մենք չենք գիտակցում, որ ցանկությունը շատ քիչ է, ցանկությունից զատ պետք է ունենալ հնարավորություն և կարողականություն, իսկ դրանք բացակայում են՝ կրկին հենց այդ նույն պատճառներով:

Նույնիսկ կոմունիստական մղձավանջային տարիներին ոջիլի մեջ կորած Հայաստանը արմատապես փոխվեց սփյուռքահայության ներգաղթի արդյունքում: Մարդիկ գույն անգամ չէին տեսել, ամբողջ երկիրը ողողված էր սև «բուշլաթավոր» մարդկանցով: Հայրենադարձները գույն և կոլորիտ բերեցին գորշ Հայաստան: Բերեցին արտադրության միջոցներ, արհեստներ և աշխատանք, եկեղեցիները ախոռների վերածած սովետիկուսին ավետարան և հավատք բերեցին: Տեղացի ժողովրդի ճպռակալած աչքերը նույնիսկ կուրանում էր այդ լույսից:

Այսօրվա, նեոբոլշևիկյան Հայաստանը նախորդի օրգանական շարունակությունն է: Նույն սովետիկուս ժողովուրդն իր բոլոր արատներն ամբողջությամբ փոխանցել է իր զավակներին, որի պատճառով էլ երկիրը թավալագլոր գնում է դեպի անդունդ: Եթե հայրենաբնակ հայությունն իր մեջից չհանի բոլշևիկներից ժառանգած «աղպարատյացությունը» և չհասկանա, որ Հայաստանի փրկությունը աշխարհի բոլոր հայերի հայրենիքը դարձնելու մեջ է, ապա մենք մոտ ապագայում կրկին կկորցնենք մեզ ընծա տրված անկախությունը ու կկորցնենք այս անգամ հավիտյան:

Ազատ աշխարհում ծնված մեծացած հայությունը, որի վրայով չի անցել բոլշևիկյան ու նեոբոլշևիկյան կատոկը, որը չգիտի, թե ինչ է կաշառքը, գողությունը, մատնչությունը, իր աշխատանքով, իր ազգասիրությամբ կարողացել է տասնյակ սերունդներ հայ մնալ օտարության մեջ, կկարողանար արմատական փոփոխության ենթարկել իր պատմական հայրենիքի այս մի փոքրիկ բեկորը, հետագայում «մեծ երազն» իրականացնելու վճռակամությամբ: Եվ վերջապես մենք պետք է հասկանանք, որ դարավոր ստրկության հետևանքով մեր երակներում լերդացած արյունը միայն արյան փոխներարկման միջոցով կմաքրվի: Եթե, իհարկե հայաստանցին հրաշքով սա հասկանար ու պայքարեր դավաճան իշխանությունների մերժողական քաղաքականության դեմ, որոնք ամեն բան արեցին փակելու համար երկրի դռները միլիոնավոր սփյուռքահայերի երեսին:

Հ.Գ. «Հակաաղպարական» թույնը ռուսական ԿԳԲ-ն հայ չեկիստների միջոցով պարբերաբար ներարկում է հայաստանաբնակ հայության մեջ, որպեսզի աշխարհասփյուռ հայությանը հեռու պահի սեփական հայրենիքի պետականակետման գործընթացներից, որպեսզի Հայաստանը ներգաղթի փոխարեն դատարկվի արտագաղթի միջոցով, որպեսզի Հայաստանը մնա հետամնաց, աղքատ մի ծայրագավառ՝ մուրացիկի պես հավերժ ձեռքը ռսին մեկնած...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more