▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ պետը՝ տուգանքի չափի ավելացված մասից և կատարողական ծախսի վճարից ազատման մասին

«2015 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893.222 կատարողական վարույթ: Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում  պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 24.955.765.343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7.190.192380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13.676.112.023 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.601.220.616 դրամ: Ոչ գույքային բնույթով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743.385 կատարողական վարույթ»,-ամփոփելով  2015 թվականի կատարած աշխատանքները՝ ասաց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով համաներմանը՝ տեղեկացրեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը  մինչև սույն թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է տուգանքի չափի ավելացված մասից և կատարողական ծախսի վճարից:

Ինչպես նաև՝ 2015  թվականի հունվարի 9-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը կայացած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչ սույն թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է տուգանքի չափի ավելացված մասից:

«Սա, այսպես կոչված, համաներումն է, որ տեղի ունեցավ կառավարության որոշումով»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more