▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձյուն է գալու.Եղանակը՝ մարտին

«Երեկ ցերեկվանից սկսած Հանրապետության տարածք են ներթափանցել ցուրտ արկտիկական օդային զանգվածներ և օդի ջերմաստիճանը նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազելու է նաև  առաջիկա գիշերը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ  Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով.

«Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է  արդեն բացասական ջերմաստիճան՝ մինուս 1-ից մինչև մինուս 2 աստիճան: Արարատում և Արտաշատում եղել է +2, իսկ Երևանում՝ 0-ից + 1 աստիճան: Հանրապետության մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղացել: Գորիսում այս պահին ձյան ծածկը հասնում է 24 սմ-ի, Սիսիանում՝ 16, Քաջարանում՝ 7, իսկ Ջերմուկում՝ 52: Առկա ամպամածությունն այս գիշեր զգալիորեն կնոսրանա: Եղանակի լիարժեք կանխատեսում ՀՀ հովտային գոտիներում չի կանխատեսվում,  բայց համեմատության մեջ կիսով չափ կնոսրանա, ինչը կբերի լրացուցիչ ջերմաստիճանի անկման:

Մարտի 17-ին, 18-ին և 19-ին Հանրապետության  հովտային շրջաններում ցրտահարության վտանգ կա: Եվ, եթե մարտի 17-ի լույս 18-ի գիշերը Արարատյան դաշտում նկատվեց  եղանակի լիարժեք պարզեցում, ներկայացված պատկերը կարող  է շատ ավելի խիստ լինել, այսինքն՝ օդի ջերմաստիճանը հնարավոր է լինի շատ ավելի ցածր, քան այս պահին ներկայացված ցուցանիշներն են: Իսկ մարտի 20-ին հաջորդ ցիկլոնն է մոտենում. կսկսվեն  տեղումներ,  լեռնային և նախալեռնային շրջաններում կտեղա  առատ ձյուն, որը կուղեկցվի բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցներով:

Միայն Հանրապետության ցածրադիր հատվածներում՝ Տավուշի հովիտներում,  Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային շրջաններում տեղումները կլինեն անձրևի կամ ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ին կրկին կանխատեսվում է եղանակի պարզեցում, բայց  չի բացառվում, որ հովտային շրջաններում ցրտահարությունը կրկնվի»:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն էլ նշեց, թե  այն, ինչ կանխատեսվում է, անակնկալ չէ.

«Այս գիշեր սպասվում է 0-ից -2 աստիճան և մեր այգեգործները պետք է պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք, իսկ մարտի 18-ի և 19-ի գիշերային ժամերին միանշանակ պետք է դիմել այդ միջոցներին, և որտեղ կա ոռոգման հնարավորություն, ապա այգիները պետք է ոռոգել»:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալի խոսքով՝ հիմնականում անհանգստացնում է ծիրանենին.

«Հույս ունենք, որ դեղձենին, կամ կորիզավոր մյուս պտուղները շատ չեն տուժի։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պտղատեսակներից հիմնականում ամենախոցելին ծիրանենին է»,-նկատեց Գառնիկ Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more