Անգլիական այգում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը: Ընդհանուր առմամբ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացնում է իր բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքները:
Ամեն ինչ մեր ձեռքով է պատրաստված.գյուղի արդար պանիր, կաթ,-իր տաղավարին մոտեցողներին ասում էր Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչներից մեկը:
Փորձեցինք նրա հետ խոսել գյուղի ներկայիս վիճակի մասին.
«Ամեն ինչ շատ վատ է.տների մեծ մասում ջուր չկա, դույլերով ենք կրում: Գազ էլ չկա, լուծված չէ ճանապարհների խնդիրը, տրանսպորտի մասին էլ չենք խոսում.մեկ օր աշխատում են, մյուս օրը՝ ոչ»,-ասաց Բյուրակն գյուղի բնակիչը:
Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչն էլ նշեց, որ իրենք բերքը իրացնելու առումով մեծ խնդիր ունեն. գյուղը հեռու է մարզկենտրոնից: Կա նաև ոռոգման ջրի խնդիրը.ուշ-ուշ են տալիս:
Նշենք, որ փառատոնին ներկայացված բերքը շուկայականից էժան է.ծիրանը՝ 500 դրամ է, խաղողը՝ 300, ընկույզը՝ 1000 և այլն:
Փառատոնն ուղեկցվում է ժողովրդական երաժշտությամբ ու պարով:Այն կտևի մինչև 17:00-ն:
Անի Կարապետյան