Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ է գտնվում հայ ժողովրի ամենասիրելի կառույցներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որի մարզադահլիճը շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին:
Պարզվում է՝ դեռևս 1960-ական թվականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ: Համալիրի կառուցման համար փակ մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել են 8 նախագծային կազմակերպություններ: Մրցույթի առաջադրանքում գրված է եղել, որ պետք է կառուցվի 10.000 հանդիսատեսի համար նախատեսված սպորտի պալատ: «Հայպետնախագիծ»-ը հաղթել է մրցույթում, ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Երկու ամիս ժամանակ տվեցին, որպեսզի ավարտենք էսքիզային նախագիծը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջերս կայացած վաճառքի արդյունքում Համալիրն ունենալու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն, ճարտարապետը նկատեց.
«Դրանք որևէ կապ չունեն Համալիրի հետ, չի կարող նման բան լինել, սխալ է: Կարծում եմ, որ առանձին հյուրանոց է լինելու հարակից փողոցներից մեկում, որը կունենա իր ռեստորանը, բայց Մարզահամերգային ու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրներից շատ հեռու»:
Հրաչյա Պողոսյանը ցավով է նշում՝ այդ տարածքում արդեն 3 ռեստորան կա, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կողքին է:
Ինչ վերաբերում է խնդիրներին՝ հուշում է.
«Այն աշխատացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ.օրինակ աստիճանների տակ շարժասանդուղքներ կան, որոնք մինչ օրս չեն աշխատում և մարդիկ ոտքով են բարձրանում: Դրանք պետք է կառուցվե՞ն, թե՝ չէ»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն է, որը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում: Նաև հավանություն է տրվել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին: Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է. նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Անի Կարապետյան