Երևանում է կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան, ով այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում հանդես կգա համերգով:
«Ինձ համար հաճելի է գտնվել մի երկրում, որի հետ շատ նմանություններ ունենք, բայց տարբերությունն այն է, որ դուք միասնական եք, ունեք պետականություն, որը ձեր հավաքական արձագանքն է արտահայտում Ցեղասպանության վերաբերյալ, միշտ հիշում եք ձեր անցյլաը: Իսկ իմ ազգը, որը պարբերաբար գրոհների է ենթարկվել, միասնական հանդես չի գալիս: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մոտ 800.000 սերբ մորթվեց խորվաթների կողմից: Գրքերում ու փաստաթղթերում կա այդ մասին, բայց Եվրոպայի համար այն պարզապես տեղի չի ուենցել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էմիր Կուստուրիցան:
Շարունակելով ցեղասպանության թեման՝ երաժիշտը հիշեց.
«3-4 տարի առաջ Թուրքիայում էի, չողջունեցին իմ այնտեղ գտնվելը, անընդհատ հարձակումներ էին գործում իմ հանդեպ՝ սերբերի ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշման պատճառով: Ես էլ նրանց պատասխանեցի, որ դուք չէ, որ ցեղասպանության վերաբերյալ մտահոգություն պետք է հայտնեք, չէ՞ որ 1.5 միլիոն հայ եք կոտորել: Ես հեռացա այդ երկրից ու մի քանի օր հետո իմացա, որ մի շվեյցարացի կինոռեժիսորի էին ծեծել, որը պարզապես ինձ նման էր եղել:
Նշենք, որ Կուստուրիցան ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 24-ին Սարաևոյում, այդ ժամանակ դեռևս Հարավսլավիայի կազմի մեջ մտնող Բոսնիայի և Հերցեգովինայի Միացյալ Հանրապետության մայրաքաղաքում (ներկայումս Սարաևոն անկախ Բոսնիա և Հերցեգովինա հանրապետության մայրաքաղաքն է)։ Պատմական աղբյուրների համաձայն՝ Կուստուրիցայի հայրական կողմի նախնիները եկել են Բիլեչա քաղաքի մոտակայքում գտնվող Պլանե գյուղից, իսկ ծագումը Կյուստենդիլի բուլղարական գնչուներից է։
Անի Կարապետյան