Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբորը` Սուրիկ Գրիգորյանին, որը Ավշարի նախկին գյուղապետն է եղել։
«Հրապարակ»-ն է գրում ու հավելում. «Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան` հաստատում են, որ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Նշենք՝ նախորդ ամիս Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով բռնագանձման պահանջ էին ներկայացրել Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։
«Հրապարակ»-ի հետ կարճ զրույցում Սուրիկ Գրիգորյանը, անդրադառնալով հայցադիմումին, ասել էր․ «Ոչ ճիշտ որոշում են կայացրել։ Օրը կգա՝ կասեմ իմ ասածը։ Կարան շատ բան ասեն, հո իրենց ասածով չի՞»։ Հաշտության կգնա՞ք դատախազության հետ` զիջելով գույքի մի մասը։ Նախկին համայնքապետն արձագանքել էր․ «Ես հաշտության չեմ գնացել, չեմ գնալու: Ի՞նչ հաշտություն, երբ ես մաքուր աշխատող եմ եղել՝ իմ ժամանակում։ Իրենց ախորժակով որ նայես, կուզեն սաղ փակեն, հետո՞, նորմալ մարդու վրա էլ դատախազությունը խաղեր է տալիս։ Ռեպրեսիաներով, շանտաժներով ինչ-որ բաներ ձեռք բերելը չի նշանակում, որ դա հաջողություն է իրենց համար։ Ես գումար չունեմ, որ տամ իրենց, իմ ունեցվածքն օրինական ձեռք բերված, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գույք է։ Ռեպրեսիայով, շանտաժով տանելով... արդեն բարդ գործ է իրենց համար։ Օրը կգա, մենք մեր ձեւով հանդես կգանք բոլոր այդ բռնացումների դեմ»»։
Դիտեք նաև՝