«Բուժաշխատողների օգտագործած ձևակերպումները չափազանց մեղմ էին, դրանք չեն համապատասխանում այն որակումներին, որոնք հնարավոր է տալ 218-րդ հոդվածով(պատանդ վերցնելը) սահմանված արարքը որակելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով.
«Մեր համոզմամբ՝ դա այն ծայրահեղ փոխզիջումն է, որին բուժաշխատողները գնացել են»:
Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն էլ հավելեց.
«Սասնա ծռեր»-ն ազատ արձակեցին ոստիկանին, ով պատրաստվում էր նշանադրվել, ապա մյուսներին՝ առանց նախապայմանի, արդյո՞ք նրանք պատանդներ վերցնելու ընդունակ են: Իհարկե՝ ոչ: Նրանց բոլոր գործողություններն վերաբերում են միայն ժողովրդին հուզող խնդիրներին: Բայց, տեսնելով այս վերջին իրադարձությունները, թե ինչպես են ոստիկանությունն ու իրավապահ մարմինները խախտում օրենքները, սառը զենքի կասկածանքով մարդկանց են բերում, նույնիսկ կնոջս են սառը զենք պահելու կասկածանքով բերման ենթարկել, ես զարմանում եմ նրանց ինտելեկտի վրա ու, ընդհանրապես, այս գործելաոճի: Շատ մարդիկ են այսօր բանտարկված, ովքեր անգամ «Սասնա ծռեր»-ի անդամ չեն, պարզապես իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, անկարգություն չեն արել: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»:
Անի Կարապետյան