Nyut.am-ը գրում է.
«Մեր երկրի դիվանագիտական կորպուսի ամենակարևոր կետերը պետք է լինեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանն ու Վրաստանը, սակայն մենք հերթական անգամ ականատես ենք լինում, որ Վրաստանում ՀՀ դեսպանն անգործության է մատնված»,- այսօր մեզ հետ զրույցում նշեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` անդրադառնալով վերջերս Ախալցխայում հայերի և վրացիների միջև տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ, ինչպես հայտնել է «Ջավախք» հայրենակցական միությունը, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխ և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդները, ավանդույթի համաձայն, բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան, կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց ցեղասպանության զոհերի հասցեին:
Գ. Գինոսյանի խոսքով, տեղի ունեցած միջադեպի պատճառով երկու-երեք օր է` Վրաստանի ներքին գործերի նախարարն Ախալցխայում է, մինչդեռ ՀՀ-ի դեսպան Յուրի Վարդանյանը դեռ պատրաստվում է մեկնել դեպքի վայր. «4-5 երիտասարդ հայի ուղղակի այնպիսի ծեծ ու ջարդ են տվել ոչ մի վատ բան չանելու համար, որ ծեծվածներից մեկն անգամ անկողնուց չի կարողանում վեր կենալ»,- նշեց նա` հավելելով, որ ամբողջությամբ չի տիրապետում փաստերին, որովհետև զերծ են մնում ծեծվածների հետ խոսելուց, քանի որ նրանց հեռախոսները գաղտնալսվում են և յուրաքանչյուր խոսակցություն նրանց կարող է ավելի վատ հաշվեհարդարի առջև կանգնեցնել. «Այն գիտեմ, որ ջահերով երթից հետո տղաները բարձրացել են իրենց գյուղի ուժերով կառուցված մատուռի մոտ, որը տեղի հայերի համար սրբավայր է, որպեսզի կրակ վառեն` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, և տեսել են, որ կողքի քաղաքի վրացիներն այդտեղ հարբեցողությամբ են զբաղված, փորձել են բացատրել, որ սրբավայրի մոտ չի կարելի նման բաներ անել, ծեծկռտուք է սկսվել, բայց ամեն ինչ արագ հարթվել է, և մարդիկ գնացել են տներով: Հաջորդ օրը ոստիկանությունը միջադեպի բոլոր մասնակիցներին հավաքել է և 4-5 հայ երիտասարդի «լավ դաս է տվել»` հայհոյելով հայ ազգին, ցեղասպանության զոհերին, վիրավորելով մարդկանց արժանապատվությունը: Եվ այդ ամենը եղել է հենց տեղի ոստիկանապետի մակարդակով»:
Գ. Գինոսյանը նշեց, որ ախալցխացիները պահանջում են, որ ոստիկանապետը հեռացվի աշխատանքից, բոլոր մեղավորները պատժվեն և հրապարակային ներողություն խնդրեն կատարվածի կապակցությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում