1in.am-ը գրում է.
Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առևտրականներ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Ըստ առևտրականների՝ մոլի բացումից հետո իրենց գործը կանգ է առել, և շուկա մտնող գրեթե չկա: Օրերով առևտուր չեն կարողանում անել:
Բողոքի ակցիան, սակայն, երկար չի տևել: Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, հավաքել է բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, բռնի ուժով, հարվածելով, քաշքշելով լցրել մեքենաներն ու տարել դեպի Առինջ գյուղ: Ենթադրվում է՝ Գագիկ Ծառուկյանի մոտ:
Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ տուժել են նաև Աբովյան քաղաքի հեռուստաընկերության լրագրողները: Նրանց նույնպես հարվածել են, քաշքշել, խփել տեսախցիկներին և խոչընդոտել լուսաբանելու կատարվածը:
Մենք պարզեցինք, որ լրագրողներն արդեն իսկ դիմել են ոստիկանություն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում