Փաստորեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի շաբաթ էլ չկարողացավ դիմակայել: Այսօր նախագահականում կապիտուլյացիայի ակտը ստորագրվեց: Սերժ Սարգսյանը չի ընկրկել, չի փափկել նույնիսկ այն դեպքում, երբ Ծառուկյանը հայցել է նախագահի ներողամտությունը: Ապացույցն էլ այն, որ երեկոյան շարունակվում էին լուրեր ստացվել, որ ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվում ԲՀԿ ներկայացուցիչներ, իսկ զուգահեռ հանդիպմանը ԲՀԿ պատգամավորները լքում էին կուսակցությունը: Պայթեց էն փուչիկը, որ տարիներ շարունակ փչվել էր Ծառուկյանի անվան շուրջը:
Իրականում Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չէին կարող իրենց նման շռայլություն թույլ տալ՝ Գագիկ Ծառուկյանին իշխանության գլխին տեսնելով: Նրանք հրահրեցին Ծառուկյանին՝ ավելի ցավոտ տապալվելու: Նրանցից ամեն մեկն ուներ իր պատճառները ու այդ պատճառները ուրիշ տեղ չեն տանում, քան իշխանությունը Սերժ Սարգսյանից վերցնելու մեկի դեպքում/Քոչարյան/ և այդ իշխանության մեջ ավելի մեծ բաժին ունենալու մյուսի դեպքում/ԼՏՊ/:
Ինչևէ: Կոմեդիան ավարտվում է: Ավարտվում է Բաղրամյան 26-ում: Ավարտվում է հօգուտ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, մի փոքր էլ Լևոն Տեր-Պետրոսյանի: Ու հիմա էլ կարոր չէ, թե նախկին ու ներկա նախագահներից ով որքան ներդրում ունեցավ Ծառուկյանին այսքան ցավոտ տապալելու համար:
Թերևս կարևորն այն է, որ հերթական հիասթափության ալիքը անցավ հասարակության մի մեծ հատվածի վրայով: Ոչ թե նրա համար, որ Ծառուկյանը պարտվեց, այլ նրա համար, որ հասարակությունը բացի իշխանությունից, յուրաքանչյուր այլ մեկի մեջ է տեսնում փրկությունը…բայց…: 2008թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը փակվեց իր տանը, չիջավ տեր կանգներ ժողովրդին: Հիմա ենք հասկանում, թե ինչու: 2013թ.-ին նույնը՝ նախագահական ընտրություններում չառաջադրվեց ոչ Գագիկ Ծառուկյանը և ոչ էլ ԼՏՊ-ն՝ թողնելով որ Սերժ Սարգսյանը հանգիստ ընտրվի: Այդժամ էլ հասարակությունը իր փրկությունը տեսավ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ: Բայց սա էլ ոչ ավել ոչ պակաս գնաց աղոթելու ոստիկանապետի հետ:
Դե Դաշնակցության մասին ավելորդ է այլև խոսել: Մարդիկ հաշտեցրին Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին: Հպարտ-հպարտ հայտարարում են, որ այլևս մեր հայրենիքը իրենք փրկեցին, որ արյունահեղություն չլինի, որ էս չլինի, էն չլինի: Անհեթեթություն: Պարզապես ՀՅԴ-ականները ճիշտ կլինի խոստովանեն, որ իրենք այնքան խորամանկ են, որ երբ նկատեցին, որ Ծառուկյանը չի կարողանում այլևս դիմադրել, որ կապիտուլյացիան մոտ է, գործի անցան՝ առաջիկայում կոալիցիա մտնելու և Սահմանադրական փոփոխությունները իրականացնելու համար՝ այլևս չունենալով ոչ ԲՀԿ-ի, ոչ ՀԱԿ-ի ու Ժառանգության խոչընդոտը: Ինչ խոսք՝ չկա ԲՀԿ-ն, չկա ոչ ՀԱԿ-ը, առավել ևս Ժառանգությունը:
Մնաց փորձեն տապալեն ՕԵԿ-ին, քանի որ սահմանադրության փոփոխմանը դեմ հանդես եկող մյուս ուժը ՕԵԿ-ն է: Չգիտեմ կհաջողվի տապալել ՕԵԿ-ին, թե ոչ, քանի որ մի անգամ Քոչարյանի ձեռամբ դա փորձեցին անել, սակայն Բաղդասարյան Արթուրը ոչ մի կերպ չջարդվեց: Կարծես պատմությունը ուզում է կրկնվել:
Ամեն դեպքում ՀՀԿ-ՀՅԴ տանդեմն այս փուլում հաղթում է՝ հերթական քայլը անելով Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու և իշխանության վերարտադրությունը ևս մի 10 տարով ապահովելու համար: