«Ես ոստիկանության գործողությունները համարում եմ համաչափ և գտնում եմ, որ մանկապարտեզային գործողություն էր կատարվում, որովհետև մարդկանց խնդրում, բացատրում են, որ ճանապարհը փակելը ճիշտ չի, չեն տանում ոստիկանություն, նորից երիտասարդները գալիս, փակում են։ Նախկին իշխանության ինչ-որ ներկայացուցիչներ գալիս են և փորձում են երիտասարդների ֆոնին քաղաքական դիվիդենտե՞ր հավաքել»,- անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Վագեն Սարգսյան փողոցը փակելուն՝ նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Ես, ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորների, վստահ էի՝ որևիցե խնդիր օրինականության հետ չկա, վստահ էի՝ 3 ժամը լրանալուն պես երիտասարդները դուրս էին գալու։ եթե խնդիր լիներ, ես անձամբ այն ոստիկանին, պետական պաշտոնյային, որ իրեն թույլ կտար ուժ կիրառել կամ որևիցե ձևով սխալ պահեր, կհետևեի, որ ինքը պատժվեր»։
Հարցին՝ արդյոք Դաշնակցությունը այլ նպատա՞կ է հետապնդում՝ այս ակցիաները կազմակերպելով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Դե ցանկանում է վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը, որովհետև շինծու օրակարգերով և նման գործելաոճով որևիցե բանի չեն հասնելու։ Ի՞նչ է նշանակում հետապնդել ԿԳՄՍ նախարարին։ Թող ակցիա անեն, ակցիա անել ազատ են բոլորը, ես չեմ բացառում, որ մի օր էլ ակցիա անեմ մի քաղաքական նախկին գործչի հետ կապված՝ Աժ դահլիճում կամ իր գրասենյակի առաջ, բայց հետապնդումը ճիշտ չէ»։
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում